ՙՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ` ԾԵՐԱՑԱԾ ԼԵՎՈՆԸ, ԱՆՀԱՋՈՂԱԿ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ...՚
Այս օրերին մամուլն ու սոցցանցերը թնդում են ոչ իշխանական եռյակի հանրահավաքի մասին տարատեսակ մեկնաբանություններով: Ուշագրավ է այն, որ հենց եռյակի մաս կազմող ուժերի կողմնակիցներն են առավել ակտիվ քննադատում միմյանց, ինքնահաստատվում` հանրահավաքի թվաքանակը շեշտելով ու փորձում հենց եռյակում նսեմացնելով մյուսներին` երեւալ ամենազոր: Իսկ թե իրականում` վարկանիշների առումով, ինչ շահեցին կամ ինչ կորցրին հանրահավաքին ՙեռյակը՚ ներկայացնող ուժերի ղեկավարները, ՙԻրավունքը՚ պարզեց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ. -Նախ հիմա դա շատ դժվար է ասել, որովհետեւ վարկանիշները ամփոփելու համար ժամանակ է պետք` մինչեւ հանրային կարծիքը իր վերաբերմունքը ցույց կտա:
Երկրորդ` քանի որ այնտեղ ոչ մի գործնական նշանակություն ունեցող առաջարկ չեղավ, եւ բոլորը սպասում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին, ով ասաց, թե հաջորդ հանրահավաքին ելույթ կունենա, հիմա ուղղակի ողջունում է, դա նշանակում է` ամեն ինչ դեռ հետաձգվում է` վարկանիշների փոփոխման առումով: Եթե նա հաջորդ հանրահավաքի ելույթի ժամանակ ինչ-որ ծրագրային առաջարկներով հանդես գա, դա կարող է որոշ ազեցություն ունենալ տարբեր սոցիալական խմբերի վրա, նայած թե իր առաջարկները ում շահերի հետ են համահունչ: - Իսկ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքը, ըստ ՙեռյակի՚ խոստումների, հնարավո±ր է առավել մարդաշատ լինի: - Քանի որ եղանակները ցրտում են, ու մարդիկ ձմեռվա հարցերով են զբաղվելու, ավելի մեծ հանրահավաք անելը մի քիչ կասկածելի է դառնում` ոչ թե մարդկանց ցանկության հետ կապված, այլ եղանակային առումով: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք նախկինում էլ ենք արձանագրել այդ փաստը: Իսկ արձագանքը կախված կլինի, թե ինչ ծրագրային դրույթներով հանդես կգա ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդը: Եվ արդեն կտեսնենք, թե դա ինչպես կմեկնաբանվի ԶԼՄ-ների միջոցով, որովհետեւ շատերը սեփական գնահատական չեն կարող տալ: Գուցե, նա տնտեսագիտական կամ ոլորտների զարգացման առաջարկներով հանդես կգա, որից շարքային քաղաքացին քիչ է հասկանում եւ ժողովուրդը պետք է լսի մասնագետների կարծիքը, որոնց մեկնաբանությունները իրենց ազդեցությունը կունենան: Եվ կարեւոր է, թե Գ. Ծառուկյանը` որպես իրոք ընդդիմության առաջնորդ, հանդես կգա, թե ընդամենը դերակատարություն կստանձնի Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Հիմա խնդիր է գնում, թե ՙեռյակի՚ ամենաանցողիկ առաջնորդն ո±վ կարող է լինել` ծերացած Լեւոնը, անհաջողակ Րաֆֆի Հովհաննիսանը, թե դեռ չփորձարկված Գագիկ Ծառուկյանը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ