ՈՒՐ Է ՙԹՌՆՈՒՄ՚ ՙԵՌՅԱԿԸ՚

Արխիվ 12-16

ՈՒՐ Է ՙԹՌՆՈՒՄ՚ ՙԵՌՅԱԿԸ՚


Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը թերեւս վերջին տարիների ամենատարօրինակ հանրահավաքն էր: Կոպիտ ասած, ստացվեց, որ 4 ամիս այդ թեմայով ժողովրդի գլուխը տարան, խոստացան աննախադեպ հզոր ինչ-որ մի բան, իսկ հետո էլ, ոչ մի կոնկրետ բան չառաջարկեցին, անգամ հանրահավաքի անունից բանաձեւ ընդունելը:

Ընդամենն ասացին` գնացեք տուն, հաջորդ անգամ ձեզ կասենք, թե ինչ պետք է անեք: Գումարած դրան` հավաքված ժողովրդի աչքի առաջ (ոստիկանության տվյալներով` 14 հազար հոգու, կազմակերպիչների տվյալներով` 25 հազար հոգու) ամենակոպիտ ձեւով նվաստացրին Րաֆֆի Հովհաննիսյանին: Ու, խոշոր հաշվով, օդում կախվեց շարքային միտինգավորի չհնչեցված հարցը` մեզ տունուտեղից, գործից կտրել այստեղ եք կանչել, որ ինչ անեք:

ՈՎ ԻՆՉ ԽՆԴԻՐ ԷՐ ԼՈՒԾՈՒՄ ԱՅԴ ՙՄԵԾՆ ԹԱՄԱՇԱՅՈՎ՚

Մի հետաքրքիր զուգահեռ` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ստորագրումը եւ հանրահավաքը տեղի էին ունենում բացարձակապես համանաժամանակյա: Եվ առաջնորդներն էլ հանրահավաք ժամանեցին շուրջ 20  րոպե ուշացումով: Այսինքն, ճիշտ ու ճիշտ այն պահին, երբ Երեւան հասավ լուրը, որ Մինսկում տեղի է ունեցել ստորագրումը: Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ բուն հանրահավաքի սցենարը կախված էր հենց այդ ստորագրել-չստորագրելուց: Ու հաշվի առնելով, թե տեղեկատվական դաշտը բոլոր մակարդակներով` դեղին, կեղտոտ աշխատանք կատարող կայքերով սկսած, լուրջ անուն ունեցող փորձագետներով վերջացրած, մտավարժանք էին անում, թե ինչու պետք է ստորագրումը հետաձգվի կամ տապալվի, կարելի է գալ եզրակացության, որ ՙեռյակը՚ հիմնականում պատրաստվում էր հենց չստորագրվելու տարբերակին: Այսինքն, պետք է սկսվեր մայդանային սցենարը, որպեսզի ստորագրելը այլեւս հնարավոր չլինի երբեք: Բայց ստորագրման փաստը խառնեց շատ ու շատ խաղաթղթեր: Ու արդյունքում եկավ բոլորի ՙթռնելու՚ պահը: Էլ ինչ անելիք, ինչ ՙժողովրդական տրամադրություն՚ եւ այլ դատարկ բաներ` պետք էր մտածել սեփական քաղաքական գոյությունը պահպանելու մասին:
Հենց դրանից էլ եկավ Րաֆֆու հետ կապված անհարմար պահը: Ամերիկացի Րաֆֆին իր առաջադրանքն ուներ` բազմահազարանոց զանգվածի մոտ ասել, որ Եվրասիական միությունը ՙքըխ՚ է: Որպեսզի ամբողջ աշխարհի լիբերաստական ԶԼՄ-ները տիրաժավորեն գրեթե նույն տեքստը` Երեւանում տեղի ունեցավ 20 հազարանոց հանրահավաք ընդդեմ ԵՏՄ-ի, ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ԵՏՄ գնալը վատ է, հանրահավաքին մասնակցեցին նաեւ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: Այսինքն` այդ տեքստի ֆոտո եւ տեսապատկերը ապահովելու առաջադրանքը Րաֆֆին կատարեց, սակայն, քանի որ մայդանային շարունակություն այլեւս չէր կարող լինել, դրա համար ելույթը կիսատ թողեց եւ գնաց խորհրդակցելու երկու մյուս առաջնորդների հետ, ովքեր էլ, ի ցույց բոլորի` նրան բանի տեղ չդրին:
Դե պարզ է, թե ինչու բանի տեղ չդրին: Չէ որ նրանք պետք է այլեւս ցույց տային, որ ԵՏՄ-ին դեմ չեն, դեռ մի բան էլ հակառակը: Քաղաքական կարիերան կամ անգամ սեփական կաշին փրկելու հարց կա... Բայց, բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ հանրահավաքի հարթակից հնչած ցանկացած ելույթի համար պատասխանատու է ոչ միայն ելույթ ունեցողը, այլ ամբողջ ՙեռյակը՚ հավասարապես:

ԾԵՐ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ԹԱԹՈՎ
ԸՆԿԱՎ ԹԱԿԱՐԴԸ


Հաջորդ հանրահավաքի վերաբերյալ առավել քան խուճուճ բանաձեւում տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը. ՙՀանրահավաքը լինելու է քայլերի միասնական ծրագրի հանրահավաք, այսինքն` ժողովուրդը գալու է շատ ավելի հստակ գործողությունների համար՚: Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ անցած, մեղմ ասած, խայտառակ հանրահավաքին, ապա. ՙՀանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, որը շատ արագ ունենալու է լրջագույն արդյունքներ՚: Թե ինչն էր այդտեղ ցնցվել` երեւի թե միայն ՀԱԿ-ը գիտի, քանզի հանրահավաքից բողոքավոր զանգվածը շատ դժգոհ գնաց եւ դժվար թե ցանկություն ունենա կրկին գործ ունենալ այդպիսի առաջնորդների հետ: Ու իզուր չէր, որ հանրահավաքից հետո սովորաբար ընդդիմադիրների նկատմամբ նրբանկատ Էդուարդ Շարմազանովը արդեն ուղղակիորեն մատնանշեց ՙքաղաքական թոշակի՚ ժամանակները: Եվ, իրոք, պոպուլիստական տեսակետից ԼՏՊ-ն հիասթափեցրեց բողոքավոր զանգվածին եւ միաժամանակ ի ցույց հանեց, որ չի ներկայացնում ՀԱԿ-ի ամբողջ թիմը:  Բայց ՀԱԿ-ի առաջնորդի ելույթում նաեւ ակնարկ-առաջարկություն կար. ՙՀակառակ հորինված բամբասանքների` ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն` սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ, թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք՚: Դա փաստորեն, հրապարակային առաջարկություն է` եկեք մասնակցեք, հանդես եկեք ՀՀԿ-ի եւ գործող նախագահի դեմ: Բայց նման է, որ այլեւս առաջին նախագահի վարկանիշը լրիվ լուսանցքային է դարձել, եւ ում էլ ինչ առաջարկի կամ չառաջարկի` նրան լռելյայն կամ քաղաքավարի ձեւակերպումներով, իսկ միգուցե նաեւ բավականին կոպիտ ՙցրելու՚ են:
Նվազագույն վարկանիշային կորուստ ունեցողն այդտեղ թերեւս ԲՀԿ-ն էր: Ի վերջո, այդ կուսակցությունն այդպես էլ իր վրա չվերցրեց ընդդիմադիրի անուն, կուսակցության առաջնորդից էլ մինչ այդ ոչ ոք երբեք հեղափոխական խոսք չէր լսել, որպեսզի հիասթափվեր: Հեղափոխական սպասելիքներ այդ կուսակցությունից չկային էլ, կային միայն աղոտ հույսեր, որ միգուցե նման բան տեղի ունենա, եւ այդ  հույսերը մարզային հանդիպումներին ձգտում էին վառ պահել Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Բայց Սիվիլիթասիչն էլ, ասում են, հենց հանրահավաքի օրը հանրապետությունից ՙթռած՚ էր` շառից փորձանքից հեռու: Թերեւս, նա մյուսներից շատ ավելի լավ էր տեղեկացված, որ ԵՏՄ-ի մուտքը չստորագրվելու, հետեւաբար` մայդանային շարունակություն ունենալու շանսերը մոտ էին զրոյին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ
ՉԻ ՍԻՐՈՒՄ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Բնականաբար, հենց հանրահավաքին ՙեռյակում՚ լրիվ օտար մարմին դարձավ ՙԺառանգությունը՚: Քիչ էր, որ կուսակցության առաջնորդին այդքան ժողովրդի աչքի առաջ նվաստացրին, գումարած դրան` էլ ավելի անհնարին դարձավ այդ ձեւաչափում որեւէ արեւմտամետ գաղափարի շրջանառությունը: Եթե մինչ հոկտեմբերի 10-ը հրապարակային ուղեգիծն էր ԵՏՄ-ի դեմ ուղղակի հարձակում չանել, ապա այժմ մնում է, որ րոպեն մեկ ԵՏՄ-ին հավատարմության երդումներ տան: Իզուր չէ, որ Ստյոպա Սաֆարյանը շտապեց հայտարարել. ՙԸնդդիմադիրների ելույթներից պարզ է դառնում, որ նրանք ավելի կողմ են ԵՏՄ-ին անդամակցելուն, քան` ՀՀԿ-ականները: Ի դեպ, գործող իշխանության ներկայացուցիչներն ավելի զգույշ են իրենց ելույթներում, իսկ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը իրենց երեկվա հանրահավաքում բացահայտ հայտարարեցին, որ իրենց հանրահավաքը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ, իրենք դեմ չեն ԵՏՄ-ին՚: Ու նման է, որ ՙԺառանգության՚` ՙեռյակը՚ լքելու նախադրյալներն արդեն հասունացել են: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է ՙարտաքին մարտահրավերների՚ պայմաններում ՙօրենքից դուրս վարչակարգին՚ հեռացնելու մասին եւ սպասում է. ՙՈր դա լսեմ ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդներից, եւ դա շատ կարեւոր է: Բայց ոչ թե կարեւոր է այդ բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը: Ժողովուրդն ինքը պահանջում է այն իրավունքները, որ հերթական անգամ խլվել են իրենից անցած տարի՚: Իսկ քանի որ ԲՀԿ-ից նման բան հաստատ չի լսի, իսկ ԼՏՊ-ից որեւէ կոնկրետ բան ակնկալելի չէ, սպասելի է ՙԺառանգության՚ ՙթռնելը՚ այդ չիշխանական ձեւաչափից:
Ավելորդ չէ նշել, որ ՙեռյակի՚ վարկանիշային փլուզումը հանրահավաքին` անմիջապես հույսերով տոգորեց քաղաքական լուսանցքում գտնվող մոլի արեւմտամետներին: Այսպես, ՙՆախախորհրդարանի՚ ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը շտապեց ՙեռյակին՚ հռչակել ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ` պնդելով, որ Մինսկում Սերժ Սարգսյանի եւ Երեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու մյուսների ձեռքով իրագործվել է դավադրություն, պետական հեղաշրջում եւ այլն, եւ այլն: Ու դեռ շատ կլսենք տարատեսակ կարծիքներ, թե ինչքան ՙքըխ՚ է եւ Մոսկվային ու իշխանություններին ծախված է ՙքառյակը՚, ու այդ թեմայով համարձակվում են բարբառել անգամ տարատեսակ սաքունցները: Ու լրիվ բնական է, որ ՙեռյակին՚ ՙչխանգարելու՚ մասին խոսող Նիկոլ Փաշինյանի ՙՔաղաքացիական պայմանագիրը՚ շտապեց բավականին ընդարձակ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ:
Դժվար չէ կռահել, որ մոտավորապես նույն ուղին շուտով կբռնի եւ ՙԺառանգությունը՚ կամ դրա մի մասը: Պարզ է, որ ՙեռյակի՚ հանրահավաքային ֆիասկոյից շտապում են օգտվել եւ գոյացած քաղաքական վակուումն իրենցով լցնել հենց ծայրահեղ արեւմտամետները, բացահայտ ՙնարնջագույն՚ 5-րդ շարասյուները: Ճիշտ է, Եվրասիական միության դեմ, ուղղակի հակառուսական կարգախոսները թերեւս այն միակ ուղղությունն է, որի հետեւից ժողովուրդը հաստատ գնացող չէ, սակայն կա նաեւ բողոքավոր զանգվածի մոտ կուտակված եւ հոկտեմբերի 10-ին չլիցքաթափված դժգոհությունը, որը խորացել է այն բանից հետո, որ ԼՏՊ-ն նրանց անպատվեց եւ տուն ուղարկեց: Ու հաստատ փորձ արվելու է այդ բացասական էներգիան օգտագործելու: ՙԵռյակը՚ իր մայդանային առաքելությունն ավարտեց ոչինչ չկարողանալով անել, այժմ խաղի մեջ են մտնում ՙդուբլյորները՚` Նիկոլի, Զառայի, ՙՆախախորհրդարանի՚, ինչպես նաեւ սաքունցատիպ թափթփուկների տեսքով: Սրանք էլ փորձելու են կանխել ԵՏՄ-ի պայմանագրի վավերացումը խորհրդարանում, բայց... Լավ, առաջ չընկնենք, թեեւ վստահ ենք, որ սրանց էլ սպասում է դառնագույն հիասթափություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում