«ՏՈՒՆՍ ՎԵՐՑՆԵՆ ՏԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ…» ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է
Արխիվ 12-16«ՏՈՒՆՍ ՎԵՐՑՆԵՆ ՏԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ…» ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է
«Իրավունքը» ազատամարտիկ Վարդան Դարբազյանի ընտանիքի խնդրին անդրադարձել էր օգոստոսի 8-ի, 18-ի, 20-ի, սեպտեմբերի 24-ի հրապարակումներում: Խնդիրը վերաբերում էր Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:
Հիշեցնենք՝ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:
«Իրավունքը» սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են:
Այսօր Վարդուհի Գեւորգյանից պարզեցինք՝ հոկտեմբերի 9-ի վերաքննիչ դատարանում սույն գործի դատական երկրորդ նիստում ինչ հարցեր են քննարկվել: Տիկին Գեւորգյանի փոխանցմամբ դատական նիստը հետաձգվել է, քանի որ ինքը վատառողջ է եղել եւ նիստին չի մասնակցել: «Դեռ տեղյակ չեմ` հաջորդ դատական նիստը երբ է լինելու»,- ասաց ազատամարտիկի կինը:
Թեեւ առաջին ատյանի դատարանի որոշումը տիկին Վարդուհին իր փաստաբանի հետ բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն դատարանից առանձնապես սպասելիքներ չունի: «Հիմա վարձով բնակարան եմ փնտրում, քանի որ չեմ կարող անընդհատ մորս տանը մնալ: Երկու փոքր երեխաներ տան, դեմն էլ ձմեռ է: Տունս վերցնեն տան մի հատ մարմնավաճառի, ինչ է թե իրենք շահ ունեն: Ոչ մի բանի հույս չունեմ ու պետությանն էլ ասելու բան չունեմ»,- հուզված ասաց տիկին Գեւորգյանը:
Վարդուհի Գեւորգյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, բացի վերաքննիչ դատարանին դիմելուց, իրենք դիմել են վարչական դատարան. «Պետք է պարզել՝ ինչի հիման վրա է կադաստրում Մելինե Սարգսյանին պատկանող տարածքներն ավելացել»:
Փաստաբանն ասաց, որ առանձնապես որեւէ սպասելիք վերաքննիչ դատարանից չունեն. «Չգիտենք՝ վարչական դատարանը մեր գործը վարույթ կընդունի, թե ոչ»:
Սոնա Դավթյան

