«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՅԴ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ Է».ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՅԴ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ Է».ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
Այսօր «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտարարել է, որ վերջերս ՀԱԹ-ում բացվել է կանաչ դպրոց, որը աղանդավորական կառույց է: «Ներսում գրված է, որ դա Հայ ավետարանչական ընկերակցությանն է: Մեր կառավարման մարմիններն առանց իմանալու այդ դպրոցի ղեկավարների հետ սելֆի են անում` Հրանուշ Հակոբյան, Արմեն Աշոտյան, ՊՆ նախարար և էլի կառավարության մի շարք անդամներ»,- մանրամասնել է Ամարյանը:
Ի պատասխան այս հայտարարությանը ԿԳՆ մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1. Հայաստաննի տարածքում գործող ցանկացած, այդ թվում նաև նշված դպրոցում ուսումնական դասընթացները կազմակերպվում են կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով և դասագրքերով, ինչի մասին իր խոսքում նշել է նաև կրթության և գիտության նախարարը:
Հետևաբար, այնտեղ դասավանդվում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան
2. Կրթության նախարարի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին զգալի խորացել է եկեղեցի-դպրոց կապը, ինչը կարծում եմ՝ ակնհայտ է և չունի ապացուցման կարիք:
3. Հայ ավետարանչական ընկերակցությունը չի հանդիսանում աղանդավորական կազմակերպություն
4. Արմեն Աշոտյանը դեռևս 2009թ ին, երբ հանդիսանում էր ԱԺ պատգամավոր, հեղինակել է մինչ այս գործող թերևս ամենահաջող օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որն ուղղված էր ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն վերապահված դիրքերի պաշտպանությանը և եկեղեցու ամրապնդմանը:
Տեր Եսայի քահանա Արթենյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդեց հակառակը. Մայր Աթոռը տարիներ առաջ հայտարարեց, որ ավետարանականները թեւ աղանդ չեն, բայց Հայաստանում նրանք գործում են աղանդակերպ, զբաղվում են հոգեորսությամբ:
«Իրավունքը» ԿԳ նախարարության մամլո խոսնակից պարզեց ինչի՞ հիման վրա է նախարարությունը հայտարարում, որ հայ ավետարանաչական ընկերակցությունն աղանդավորական կազմակերպություն չէ: Արդյոք նախարարությունն ունի հայ առաքելական եկեղեցուց տեղեկանք այն մասին, որ հայ ավետարանչական ընկերակցությունը աղանդավորական կառույց չէ: «2004 թ-ին «Խորեն եւ Շուշանիկ ավետիսյանների» անվան կրթահամալիրը կառուցած ընկերությունը ունեցել է համապատասխան լիցենզիա: Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուց տեղեկանք ստանալուն, հայ առաքելական եկեղեցին տեղեկանք չի տալիս: Կազմակերպության գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ իրականացվում են համապատասխան գրանցումները»,- մանրամասնեց մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է դպրոցի ուղղվածությանը, Զոհրաբ Եգանյանի փոխանցմամբ նախկինում տրված լիցենզիան ենթադրում է, որ այնտեղ ինչպես նաև մնացած բոլոր դպրոցներում դասավանդվելու են ԿԳՆ-ի կողմից հաստատված ծրագրով և առարկաների ցանկով՝ այդ թվում նաեւ դասավանդվելու է Հայ Եկեղեցու պատմություն առարկան:
Պարզաբանում ստացանք նաեւ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի տասին այցելել է «Խորեն եւ Շուշանիկ ավետիսյանների» անվան կրթահամալիր: «Եթե ինչ-որ մեկը ձեր ասած կրթահամալիրը համարում է աղանդավորական, պետք է հասկանամ` ինչո՞ւ է դա էդպես: Մենք այցելում ենք հարյուրավոր կրթահամալիրներ: Մենք չունենք տեղեկություն այն մասին, որ ձեր ասած կրթահամալիրը աղանդավորական է: Այդ դպրոցի հիմնադիրները մեզ հետ բազում կրթական ծրագրեր են իրականացնում»,- մանրամասնեց ՊՆ մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների այն հայտարարությանը, որ ավետարանականները թեւ աղանդ չեն, բայց Հայաստանում նրանք գործում են աղանդակերպ, զբաղվում են հոգեորսությամբ, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կրթահամալիր այցելել են պետական այլ այրեր եւս, անգամ ՀՀ նախագահը: «Իմ անձնական կարծիքով չեմ կարծում `ՀՀ նախագահն այցելեր աղանդավորական կառույց»,- եզրափակեց ՊՆ մամլո խոսնակը:
Սոնա Դավթյան

