ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆԸ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՄԵՔԵՆԱՆ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆԸ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՄԵՔԵՆԱՆ
«Իրավունքն» ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ դերասան Կարեն Մկրտչյանը հոկտեմբերին նորից մեկնելու է Գերմանիա` բուժումներ ստանալու: Այսօր դերասանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Կարենի Գերմանիա մեկնելը ուժի մեջ է. «Հոկտեմբերին պետք է գնար, բայց դեսպանատանը հերթ է, դրա համար էլ հավանաբար, Գերմանիա կմեկնի նոյեմբերին: Էն ժամանակ էլ տղայիս ասացին` մի բուժոմով հիվանդությունը չի բուժվի»:
Հիշեցնենք`հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի պատճառով լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով Կարեն Մկրտչյանը այս տարվա մարտի 16-ին մեկնել էր Գերմանիա և եւ մինչեւ հուլիսի հինգն այնտեղ բուժվել: Դերասանը Հայաստան է վերադարձել հուլիսի վեցին:
Գրիշա Մկրտչյանի խոսքով ընդհանուր առմամբ որդին իրեն լավ է զգում, բայց գլխացավեր ունի, որոնք աստիճանաբար սաստկանում են:
Հոր խոսքով` որդու վրա բավական վատ ազդեց Կարենի համար հավաքված գումարի պատմությունը:
Տեղեկացնենք` Կարեն Մկրտչյանի վերադառնալուց հետո ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել էր հայտարարություն այն մասին, որ Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով «խաբեությամբ կերել է» իրեն հանգանակած 80.000 եվրոն:
Կարեն Մկրտչյանն էլ ի պատասխան այդ մեղադրանքների, ասել էր, որ ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են իր տարած վիրահատության մասին: Նա նաև նշել էր, որ հավաքված 80 հազար եվրոյից շուրջ 13 հազար եվրոն մնում է, այն կծախսվի հոկտեմբեր ամսին, երբ ինքը բուժման նպատակով կրկին կմեկնի Գերմանիա: Տարածված լուրերի հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ պարզելու, արդյոք խաբեություն կա, թե ոչ:
Գրիշա Մկրտչյանից նաեւ պարզեցինք ` այս անգամ ո՞վ է հոգալու Գերմանիայում Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերը: «Դե իր ավտոմեքենան է հիմա դրել վաճառքի, չգիտեմ, տեսնենք էլի»,- եզրափակեց Գրիշա Մկրտչյանը:
Սոնա Դավթյան

