ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ՖՐԻԴՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Արխիվ 12-16ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ՖՐԻԴՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Երևանի Նոր Նորք համայքնում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Ս. Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքարը: Որից հետո Տնօրհնեքի կարգ կատարվեց երիցատանն ու Ֆ.Նանսենի թանգարանում:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին Նավասարդ սրբազան հոր ձեռամբ օծվեց նորակառույց եկեղեցու Ս. Սեղանը: Այնուհետև մատուցվեց Ս. Պատարագ: Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությունից հետո պաշտոնապես բացվեց Ֆ. Նանսենի թանգարանը:
Նանսենի այգում դպրոցականները ներկայացեցին իրենց նկարները, ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի համախմբերը: Այնուհետեւ սիրո ճաշի սեղանին մատուցվեց մատաղ:
Եկեղեցու, Ֆ. Նանսենի անվան թանգարան –հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին: Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները:
Այսօր հուշահամալիրն իր գողտրիկ տարածքում ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը` սրբաքանդակներով: Այստեղ են շուրջ 30 հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին:
Ֆ. Նանսենի անվան թանգարանի տարածքում տեղադրված է նաև բարերար Կառլեն Եսայանի հուշարձանը և նրա հիշատակին նվիրված թևավոր խաչքարը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

