Անտիոքի ու Համայն Արեւելքի Պատրիարք. «ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԸ, ԱՅԼԵՎ ԱՐՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16Անտիոքի ու Համայն Արեւելքի Պատրիարք. «ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԸ, ԱՅԼԵՎ ԱՐՅՈՒՆԸ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստանում է Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Այսօր Վեհափառ Հայրապետը եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների եւ Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապա 1,5 միլիոն հայրերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Հայաստանյայց Առաքելական ու Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի
գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` միլիոնավոր հայ ու ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի ու Համայն Արեւելքի Պատրիարքը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբություն ՄՈՐԱՆ ՄՈՐ ԻԳՆԱՏԻՈՒՍ ԵՓՐԵՄ Երկրորդը
հայտարարել է. «Մեր խոնարհումն ենք բերում այն վայրում, որտեղ 1700 տարիներ առաջ իջավ Աստծու Միածին Որդին եւ իր փառքով լցրեց հայ ժողովրդի հոգին: Ուրախ ենք այցելել Հայ Եկեղեցուն եւ Ձերդ Սրբությանը, որովհետեւ մենք կիսում ենք ձեզ հետ ոչ միայն հավատը, այլեւ արյունը», - ապա հավելել է. «Եկել ենք այս օրերին մեր երախտագիտությունը հայտնելու Ձեզ` հայ ժողովրդի Ձեր հոգեւոր առաջնորդության համար, եկել ենք աղոթելու ոչ միայն Սիրիայի, այլեւ համայն աշխարհի խաղաղության համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

