ՈՍԿԵՊԱՐ ԵՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՈՍԿԵՊԱՐ ԵՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ (Ֆոտոշարք)
«Հայաստանի դարպասները» նախագծի հեղինակներն այս անգամ եղան Ոսկեպար եւ Չինարի սահմանամերձ գյուղերում, ինչի արդյունքում Ոսկեպար գյուղի երեխաներն այսուհետ կունենան գեղեցիկ խաղահրապարակ ու զրուցարան, իսկ Չինարի գյուղը շատ շուտով կունենա նաեւ վերանորոգված հսկակայական լողավազան: Ի դեպ, բացի վերոնշյալից, նախաձեռնության հեղինակները նաեւ ձմեռային վերարկուներ ու երկարաճիտ տաք կոշիկներ են նվիրել ի ծնե սահմանապահ փոքրիկներին:
Մանրամասնելով «Հայաստանի դարպասները» նախագծի բովանդակությունը` այս գաղափարի համահեղինակ ԱՐԱՄ ԱՆՏԻՆՅԱՆԸ նշել է. «Նախաձեռնությունը հեղինակել ենք մի խումբ երեւանաբնակ երիտասարդներով, ովքեր բացի իրենց առօրյա հոգսերը հոգալուց ժամանակ են գտնում նաեւ այս եւ այլ տեղերից գումար ու տարատեսակ ապրանքներ հավաքելու ու դրանցով սահմանային գյուղերի համար ինչ-ինչ հարցեր լուծելու համար»: Հավելենք, որ այս բարեգործական գաղափարն իրականություն դարձնելու համար նախաձեռնությանն աջակցել են տարբեր կազմակերպություններ, ԱԺ պատգամավորներ եւ գործարարներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

