ԷՊՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԸ` ՄԱՐԶԱՅԻՆԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ
Արխիվ 12-16ԷՊՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԸ` ՄԱՐԶԱՅԻՆԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ
2011թ. սկսած «Սասնա տուն» Հասարակական կազմակերպությունը Ավագ Ավագյանի գլխավորությամբ կազմակերպում է փառատոն նվիրված հայկական ժողովրդական էպոսին` «Սասնա ծռերին»: «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
«Էպոսի օր» փառատոնի նպատակն է հայկական բանահյուսական ժառանգության գլուխգործոց հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսի պահպանումը, դրանում ամփոփված արժեհամակարգին երիտասարդությանը հաղորդակից դարձնելը, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտի ամրապնդումը:
Փառատոնն այս տարվանից մարզայինից վերածվեց համաժողովրդականի, որին իրենց
աջակցությամբ նպաստել են ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը: Այս տարի այն անցկացվեց ավելի մեծ շուքով, քանի որ փառատոնին մասնակցում էին ոչ միայն Արագածոտնի, այլև Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային համայնքները:
Փառատոնը կայացավ հոկտեմբերի 4-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, սակայն, այն սկսել էր դեռ ապրիլ ամսին: Տարբեր տարածաշրջանների դպրոցներում և մշակութային կենտրոններում անցկացվել էին երգի, պարի, ասմունքի և այլ բնույթի մրցույթներ` հայկական էպոսի
թեմայի շրջանակներում: Լավագույնները խրախուսական նվերներով և պատվոգրերով պարգևատրվեցին հենց փառատոնի ընթացքում: Իսկ ներկաները հնարավորություն ունեցան վայելելու հաղթող մասնակիցների ելույթները:
«Իրավունքի» հետ ունեցած զրույցի ընթացքում «Սասնա տուն» Հասարակական կազմակերպության ղեկավար Ավագ Ավագյանը նշեց. «Այս փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության պահպանմանն ու հռչակմանը: Փառատոնի միջոցով փորձում ենք նաև պահպանել մեր ազգային դիմագիծը: Էպոսը մեր կյանքն է, մենք դրանով ենք ապրել և կշարունակենք ապրել»:
Դահլիճում թևածում էր Սասնա երգն ու պարը: Ներկաների ոգևորությունն անսահման էր` Սասնա երաժշտությունը, կարծես, անցնում էր յուրաքանչյուրի միջով:Փառատոնը շարունակական բնույթ է կրելու և փորձելու է ընդլայնել իր աշխարհագրությունը, քանի որ, ինչպես Ավագ Ավագյանն է նշում, այն ունի ասելիք և մեծ նշանակություն հայերիս ազգապահպանման և դիմագիծը չկորցնելու գործում:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

