ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում մեկ ամիս շարունակ`հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը հայ արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու հայ կինոյի հին ու նոր նմուշները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն» ծրագիրը իրականացվում է արդեն 5-րդ տարին: Այս տարի «Կինոաշնան» մեկնարկը տրվեց ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ վանաձորցի հանդիսականին Սերգեյ. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկայացրեց մեծանուն արվեստագետի կյանքի կարեւոր դրվագները ներկայացնող լուսանկարներ`մանկությունից մինչեւ կյանքի վերջին րոպեները: Քանի որ 5-րդ «Կինոաշուն» ծրագիրը նվիրված է Ս. Փարաջանովին 90-ամյակին, ուստի ծրագրի ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները նվիրվում են նրա հոբելյանին:
Բացի Վանաձորից ֆիլմեր կցուցադրվեն ՀՀ ՊՆ տարբեր զորմասերում, ուսումնական հաստատություններում, մշակույթի կենտրոններում եւ ՀՀ մարզերում: Այս տարի ծրագիրը կայցելի նաեւ սահմանամերձ գյուղեր:
Ծրագրի ընթացքում կանցկացվի «Հին ու նոր երեւանցի» թեմայով կինոմրցույթ եւ արդեն ավանդական դարձած «Լավագույն գրախոսական» մրցույթը:
«Կինոաշնան» արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 7-ին`Արտաշատ քաղաքում:
Ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

