ՎՐԱՑԱԳԵՏ «ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՎՐԱՑԱԳԵՏ «ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ»
Օրերս մի խումբ ջավախահայ մտավորականներ հայտարարությամբ դիմել էին ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը որտեղ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.«Մեզ հուզող հարցերը շատ են, սակայն առաջնային եւ ամենահրատապ հարցերից մեկը վերաբերում է վրացական օրենքների փոփոխություններով սահմանված օտարերկրացիների կացության եւ կարգավիճակային հարցերին: Հայտնի է, որ սեպտեմբերի մեկից գործող նոր օրենքով ՀՀ (եւ մի շարք այլ երկրների) քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետում առավելագույնը 90 օր, այդպիսով նրանք տարվա մեջ կարող են մնալ Վրաստանում առավելագույնը 180 օր, այն էլ ոչ միաժամանակ, այլ իննսունօրյա ընդմիջմամբ: Արդյունքում տասնյակ հազարավոր ջավախահայեր այժմ, կրելով այլ պետության անձնագիր, սեփական տանը հայտնվել են հյուրի կարգավիճակում»: Հավելենք, որ «Իրավունքի» տեղի աղբյուրների փոխանցմամբ. «Օրենքի կիրառման օրվանից մինչ օրս շուրջ հինգ հազար վրացահայեր արդեն իսկ զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից»: Թե, որքանով է իրականում այդ օրենքի կիրառումը մտահոգիչ վրացահայերի համար փորձեցինք հետաքրքրվել վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.
- Ինչպես հայտնի է օրենքն արդեն կիրառվել է եւ առաջացրել է մի շարք խնդիրներ: Քանի որ չնայած վիզային ռեժիմ գոյություն չունի այսօրվա դրությամբ ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ, բայց միգրացիոն բարեփոխումներից հետո այս պահի դրությամբ մենք ունենք հետեւյալ իրավիճակը: Այսօր ՀՀ-ի քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի այցելել Վրաստան եւ այնտեղ գտնվել տարվա մեջ վեց ամիս: Եվ այս պահի դրությամբ հետեւյալ իրավիճակն է ստեղծվել. այն անձիք, ովքեր ունեին երկքաղաքացիություն, լինելով ՀՀ-ի կամ ՌԴ-ի քաղաքացի, Վրաստանում կանգնել են անելանելի խնդրի առջեւ: Վերջիններս պետք է դիմեն կացության փաստաթուղթ ստանալու համար, որից հետո միայն իրենք կարող են բնակվել Վրաստանում: Բայց խնդիրն այն է, որ նման փաստաթղթերի տրամադրումը տեւում է ութսուն օրից ոչ պակաս, իսկ իրենք ունեն հնարավորություն ապրելու Վրաստանում իննսուն օր: Ինչը արդեն իսկ ստեղծում է խառը իրավիճակ, երբ մարդիկ պետք է թողնեն իրենց տները` գան Հայաստան դիմեն միգրացիոն ծառայություններին, որպեսզի իրենց թույլ տան երեք ամսից ավել բնակվել Վրաստանում:
- Պարոն Մելիքյան արդյո՞ք սա ուղղված է կոնկրետ հայերի դեմ, որովհետեւ ըստ տարածված լուրերի, վրացական իշխանությունները փորձում են նաեւ այս կերպ ազատվել հայերից:
- Չեմ կարծում, որ այդ օրենքը կոնկրետ ուղղված է հայերի դեմ, քանի որ այն վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաեւ այն օտարերկրացիներին, ովքեր նախկին լիբերալ օրենսդրությամբ կարող էին գալ եւ առանց փաստաթղթի բնակվել Վրաստանում, բայց այսօր նրանք դա չեն կարող: Ավելին, եթե հայերը այսօր կարող են երեք հարյուր կիլոմետր այս կողմ գան եւ գալով Երեւան իրենց խնդիրը լուծել, ապա եվրոպացին պետք է գնա իրենց երկիր եւ դիմի այնտեղի դեսպանատուն: Ինչը ցույց է տալիս, որ բոլոր օտարեկրացիների հետ է կապված այս օրենքը:
- Ասում են, որ շուրջ հինգ հազար հայեր արդեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, Դուք նման տեղեկատվության տիրապետո՞ւմ եք:
- Այդ առումով կարող եմ հետեւյալը ասել` այն ամենը ինչը այսօր կատարվում է Վրաստանում, ուղղված չէ կոնկրետ հայերի կամ այլ ազգի դեմ, այլ նրանք այդ բարեփոխումները կատարելով փորձում են միգրացիոն քաղաքականությունը կառուցեն: Բայց, պետք նկատեմ, որ վերջիններս բոլոր ռիսկերը հաշվի չէին առել: Ոչ միայն միգրացիոն, այլ դեղորայքի հետ կապված, որ արդեն որոշակի քանակությամբ դեղեր արդեն ազատ առեւտրի մեջ չեն: Այս ամենը խոսում է նրա մասին, որ Վրաստանի գործող իշխանությունը անկում է ապրում` արդեն իսկ ութ տոկոսով իջել է ներքեւ: Եվ այս պարագայում նրանք պետք է փորձեն նոր մեթոդներ ստեղծեն, որ այդ ռիսկերը մինիմիզացնեն եւ բնակչության համար այդ բարեփոխումները այդքան ցավոտ չլինեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

