ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
Ավարտվեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցող 111 երկրից ընտրվեց 50 Միստեր եւ Միսս, որոնք էլ կշարունակեն պայքարը առաջին հորիզոնականին արժանանալու համար: Առաջին փուլը հաղթահարած երկրների շարքում է նաեւ Հայաստանը թե՛ Միսսերի, թե՛ Միստերների մրցույթում: Հիշեցնենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, իսկ «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում` մոդել ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԸ:
«Իրավունքի» հետ զրույցում Դ. Ղարիբյանը խոսելով արդեն մի
քանի տարի շարունակ անցկացվող այս մրցույթի մասին` նշեց. «Սա ընդհամենը գեղեցկության վիրտուալ մրցույթ է իրական մարդկանց մասնակցությամբ: Ի տարբերություն դասական մրցույթների, վիրտուալն ունի որոշակի առանձնահատկություններ. չի հետապնդում շահույթ եւ մասնակցության համար մի շարք անհրաժեշտ ֆինասական ծախսեր դուրս են գալիս (օրինակ, մասնակցության համար մուտքի վճարը, ճանապարհածախսը եւ այլն): Արդյունքում մրցույթին ընդգրկվում են ավելի շատ երկրներ ու այն կրում է մասշտաբային բնույթ: Եվ
նորամուծությունն այն է, որ այն դառնում է զանգվածային վիրտուալ միջոցառում, որի անուղղակի ժյուրիի անդամ կարող է դառնալ համացանցի ցանկացած օգտատեր»:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի կազմակերպիչները, լավագույն 50 Միսսերն ու Միստերները ընտրվել են հետեւյալ սկզբունքով. 15 Միսս և Միստեր ընտրվել է մրցույթի պաշտոնական կայքով (http://www.missmister.info/) իրականացվող քվեարկությամբ, 25 մասնակից ընտրվել է, ըստ «Միստեր FB 2014» եւ «Միսս FB 2014» ֆեյսբուքյան պաշտոնական էջերում քվեարկված «լայքերի» (ձայների), իսկ 10 մասնակից ընտրվել է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

