ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ. ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ. ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի հավաքականների միջեւ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի խաղը, որ կկայանա Երեւանի Հանրապետական ստադիոնում հոկտեմբերի 11-ին, կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Տոմ Հարալդ Հագենը, ում կօգնեն Դագ Ռոգեր Նեբենը ու Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան Մագնուս Լունդբերգն է, հայտնում է ՀՖՖ-ն: Հագենը սպասարկել է Եվրոպայի լիգայի, աշխարհի ու Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր, մրցավարական կարիերան սկսել է 1994-ից, իսկ ՖԻՖԱ-ի մրցավար է` 2009-ից: Չեմպիոնների լիգայում նորվեգացին իր նորամուտը նշել է 2011-ին:
Երկու հավաքականներն էլ այս հանդիպմանը մոտենում են մեծ պատասխանատվությամբ: Եթե հայ ֆուտբոլիստները զգոն լինելու համար չափից շատ պատճառներ ունեն, ապա սերբերին` մեր ընտրանուց զգուշանալու համար օգնում է 2007թվականին կայացած խաղը, երբ սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին թեեւ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, բայց անառիկ պահեց սեփականը: Ի դեպ, այս խաղի մասին իր խոսքում հիշատակել է Սերբիայի հավաքականի ու Բելգրադի ՙՊարտիզանի՚ հարձակվող Դանկո Լազովիչը, ով խոսելով Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին` նշել է. ՙՄարզչի հետ զրույցի արդյունքում երկար դադարից հետո վերադարձա հավաքական: Հուսով եմª կօգնեմ ազգային թիմին: Երեւանում խաղացել ենք նաեւ 2007-ին: Այդ հանդիպումը շատ բարդ ստացվեց մեզ համար, սակայն հաջողվեց ավարտել ոչ-ոքիª 0:0: Այս անգամ կփորձենք խաղալ ավելի լավ եւ հաղթանակով մեկնարկել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում՚,- Լազովիչի խոսքը մեջբերում է sportal.rs-ը:
Հայ ֆուտբոլիստները նույնպես լավ գիտակցում են պահի լրջությունը: Սակայն թվում է թե մարզական բախտը երես է թեքել մեր ընտրանուց, երբ վերջապես ազգային ընտրանին ունի այնպիսի ներուժ, որ կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ այնպիսի հավաքականների, որոնց դեմ խաղերում անգամ ոչ-ոքի արդյունքը տարիներ առաջ երազանքի պես մի բան է եղել: Հիմա այս որոշիչ եւ կարեւոր պահին բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք Հայաստանի հավաքականը թիմ են դարձնում, շարքից դուրս են եկել եւ խաղին կարող են հետեւել միայն տրիբունայից: Ինչեւէ, հուսանք, որ հավաքականի ֆուտբոլիստների եւ Բեռնար Շալանդի լավատեսությունը իր դրական արդյունքը կտա նաեւ խաղադաշտում, մասնավորապես` հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որը սկսվելու է ժամը 20:00-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

