ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՈՉ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ՄՇԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Հայաստանում կարծես ամեն ինչ նորաձեւ դարձնելու ՙավանդույթ՚ է ձեւավորվել` սկսած արվեստից, գրականությունից, երաժշտությունից մինչեւ շենք-շինություններ: Ցավալին այն է, որ նորաձեւ են դարձնում այն, ինչն ունի տարիների հարուստ պատմություն եւ հետո ասում, թե անհրաժեշտ է ժամանակի հետ համահունչ քայլել: Իհարկե` անհրաժեշտ է ժամանակից հետ չմնալ, բայց ոչ արվեստի արժեքները անճաշակ մշակմամբ ժամանակակից դարձնելով: Գնալով ՙժամանակակիցները՚ շատանում են եւ գրոհում արվեստի տարբեր ոլորտները: Եվ սարսափելին այն է, որ այդ ՙժամանակակցի՚ ինքնահաստատված դրոշակն ամենուր էլ ավելի վեր բարձրանալով հավատացնում է, թե արվեստի գործեր է ստեղծում: Վերջին շրջանում տեղի ունեցան մի քանի համերգներ, որոնց ընթացքում Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ այլ ժողովրդական ու աշուղական գործեր հանդիսատեսին ներկայացվեցին ոչ թե բնագրերով, այլ ժամանակակից մոտեցումներով: Մասնագետները` հատկապես կոմիտասագետները, բազմիցս են ասել, որ Կոմիտասին ճիշտ ընկալելու համար հարկ է, որ նրա ստեղծագործությունները մատուցվեն այնպես, ինչպես նա է ստեղծել: Սակայն նրա ստեղծագործությունները բնագրերով մնում են դարակներում, իսկ վերափոխված տարբերակները շարունակում հնչել համերգներում: Հարկ է նշել, որ Կոմիտասի 145-ամյակին նվիրված ՙԿոմիտասյան օրեր՚ փառատոնի ընթացքում կազմակերպիչները նպատակ էին դրել, որ հայ հանդիսատեսին ներկայացնեն Կոմիտասի ստեղծագործությունները միայն բնագրերով: Հուսով ենք` այս օրինակին կհետեւեն նաեւ ժամանակակցի բոլոր ջատագովները: Թեմայի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց արվեստագետների հետ, ովքեր տարիներ շարունակ բեմից հայ հանդիսատեսին ներկայացրել են մաքրամաքուր երաժշտություն.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ- Ընդհանուր սկզբունքի տեսանկյունից կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի Կոմիտասի եւ մեր մյուս մեծերի ստեղծագործությունները ժամանակակից դարձնել: Անհրաժեշտ է, որ նրանց ստեղծագործությունները կատարվեն բնագրերից, միայն այդ դեպքում հանդիսատեսը տվյալ կոմպոզիտորին կընկալի այնպես, ինչպես նա կա իրականում:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ- Կոմիտասն իր ստեղծագործությունների գերակշիռ մասը` հոգեւոր կամ ժողովրդական երգերը, վերցրել եւ մշակել է իր պատկերացրած եւ ըմբռնած ձեւով: Այդ ստեղծագործությունների բուն հեղինակը ժողովուրդն է, իսկ Կոմիտասը վերցրել է դրանք եւ մշակել ամենբարձր մակարդակով, որոնք դարձել են ցուցանմուշ: Վերցնել այդ մշակումները եւ կրկին մշակել, արդեն հասնում է աբսուրդի: Մենք այսօր նշում ենք այդ հանճարեղ մարդու 145-ամյակը, ի±նչ է, նա լրացուցիչ մշակման կարի±ք ունի: Կոմիտասի անունը այստեղ առհասարակ չպետք է շահարկվեր, այս ամենը շատերի կողմից չհասկանալու եւ չըմբռնելու հետեւանք է, իսկ մի մասի մոտ` շահագործելու` իրենց ստեղծագործություններին հավելյալ փայլ տալու ձգտում, որի պատճառով էլ օգտագործում են Կոմիտասի անունը: Ոչ ոք Կոմիտասին ոչինչ անել չի կարող, ինչ անում են ժողովրդական երգերին են անում, որոնք նա ժամանակին վերցրել եւ մշակել է: Այս դեպքում պետք է ասենք Կոմիտասի մշակումի մշակում, որը գռեհիկ, անճաշակ, դրա արժեքների անհարիր խեղաթյուրումներով մատուցվում է մարդկանց: Կոմիտասը ոչ մեկի կողմից մշակվելու կարիք չունի: Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի ստեղծագործություններին, որոնք ինքնին արդեն մեծ արժեք են, այսօր փորձում են վերափոխել իրենց պատկերացրած ձեւով: Առանձին դեպքերում կան հաջողված տարբերակներ, սակայն դրանց մեծ մասը պարունակում են արհեստական տարրեր:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

