ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ
ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած ցանկացած երկրում տարակարծության գոյության բնորոշիչը հանդուրժողականությունն է: Այն հասարակությունը զերծ է պահում կոնֆլիկտածին իրավիճակներից եւ քաղաքական կայունության ու անվտանգության երաշխիքներից է: Այն նաեւ դիմացինի` սեփականից տարբերվող տեսակետի, գոյության իրավունքի ընդունումն է, հարգանքը դրա նկատմամբ: Տեղին է հիշել ֆրանսիական Լուսավորականության հայրերից մեկի` Վոլտերի խոսքերը. ՙԵս համաձայն չեմ այն կարծիքների հետ, որոնք դուք բարձրացնում եք, սակայն ես իմ կյանքը կզոհեմ ազատ կարծիք արտահայտելու ձեր իրավունքը պաշտպանելու համար՚:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԱՆՎԵՐԱՊԱՀ ՊԱՅՄԱՆՆ Է
Այսօր էլ մեր քաղաքական ուժերին բնորոշ է միեւնույն հարցի վերաբերյալ բազմազան ու բազմաթիվ կարծիքների գոյությունը, ուստի կարեւորն այս դեպքում հանդուրժողականության մշակույթի ձեւավորումն է, որը, բնականաբար, առավել սուր տեսք է ընդունում քաղաքական դաշտում, իսկ տարակարծության հաստատումը, այլոց կարծիքների նկատմամբ հանդուրժողականությունն առավել տեսանելի է հենց այդ դաշտում, որտեղ գործունեություն ծավալող քաղաքական ուժերն ու անհատները հատկապես պարտավոր են հանդես գալ հանդուրժողականության դիրքերից, հանրությանն օրինակ ծառայել իրենց վարքով, ստիպել, որ քաղաքական մշակույթի այս կարեւորագույն բաղադրիչը կայանա ու դառնա մարդկային առօրեական հարաբերությունների անքակտելի մասը:
2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ ու կուսակցություն յուրովի է տեսնում հասարակության զարգացման եւ առաջընթացի ուղին ու սեփական կարծիքն ունի այդ ուղու մասին: Իսկ վերջին ժամանակներս էլ բնականաբար շատ է խոսվում ընտրությունների մասին, եւ շատ հաճախ ընտրություն ասելով` հասկացվում է մի քաղաքական գործընթաց, որի արդյունքում ընտրվում են իշխանության ներկայացուցչական մարմինները: Սակայն սա ընդամենը մի փոքրիկ դրսեւորումն է ավելի լայն ՙընտրություն՚ հասկացության. քանզի իր իրական իմաստով, ոչ ընթացակարգային ընտրությունը դա ազատությունն է: Ունենալ ընտրության իրավունք, նշանակում է ապրել ազատ, սեփական համոզմունքներին ու սկզբունքներին համապատասխան: Ընտրությունները միջոց են ժողովրդի կողմից սահմանադրական իր իրավունքն իրականացնելու եւ պետության կառավարմանը մասնակցելու համար:
Մենք, մեր քայլերով ու գործունեությամբ, պայմաններ կստեղծենք ու կնպաստենք մեր հասարակության ակտիվ մասնակցությանը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի պատասխանատվության իր բաժինը մեր երկրի ապագայի կերտման գործում, հասկանա այն կարեւորությունը, որ ունի ընտրական գործընթացը` որպես ժողովրդավարության հետագա զարգացման երաշխիք: Տարբեր ձեւաչափով քննարկումների արդյունքում Հանրապետական կուսակցությունը չի փոխել իր դիրքորոշումը եւ այսօր էլ կողմ է խառն ընտրակարգին` հիմնավորումներից մեկը համարելով նաեւ այն, որ չի կարելի միանգամից` առանց հասարակական երկարատեւ ու հիմնավոր քննարկումների, միայն քաղաքական ուժերի քննարկման արդյունքում արված առաջարկություներով անցում կատարել լրիվ համամասնական ընտրակարգի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ի դեպ, ինչքան էլ մեծաթիվ լինի այս կամ այն քաղաքական կուսակցության համակիրների թիվը, միեւնույն է` հասարակության մեջ անհնար է ունենալ բացարձակ մեծամասնություն ու քաղաքական կոալիցիաների առկայությունը միշտ եղել ու մնում է ժողովրդավարության զարգացման կարեւոր գրավականներից մեկը, քանի որ կոալիցիան նախեւառաջ կոչված է.
ա) ապահովել բազմակարծությունը եւ տարբեր տեսակետների առկայությունը հենց ներիշխանական շրջանակներում:
բ) Քաղաքական համակարգը դարձնել առավել դինամիկ եւ ունակ` ավելի ճկուն կերպով ընկալելու հասարակությունից ստացվող ազդակներն ու առավել արդյունավետ արձագանքել դրանց:
գ) Պետության ու ազգի կարեւոր եւ կենսական խնդիրների առավել արդյունավետ լուծման համար միավորել ռեսուրսները եւ հասնել քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակի:
Անկասկած, համագործակցության արդյունքում միշտ կարելի է ավելին ստանալ, քան միայնակ, քանզի մեր ուժը մեր հավաքական միասնության մեջ է, իսկ բոլորս, անշուշտ, ցանկանում ենք ունենալ հանրապետություն (ՀՀԿ), բարգավաճում (ԲՀԿ), օրենքի գերակայության (ՕԵԿ), սոցիալական արդարության, հավասարության եւ եղբայրության կանոննրեով գործող (ՀՅԴ) երկիր, որը մենք հպարտությամբ ժառանգություն (ՙԺառանգություն՚) կթողնենք մեր սերունդներին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարիների ընթացքում ծանրակշիռ ավանդ է ներդրել քաղաքական դաշտի, նոր քաղաքական մտածողության ձեւավորման գործում, կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն բոլոր հարցերի քննարկումների ժամանակ հանդես բերել սկզբունքային մոտեցումներ:
Ուստի ազգային-պահպանողական բոլոր ուժերը պիտի համախմբվեն ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի շուրջ: Առանցքային դերակատարություն այս դեպքում պիտի ստանձնեն մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ, կրթական աստիճանով, պահվածքով ու մարդկային տեսակով համապատասխանում են քաղաքական գործչի կերպարին ու կնպաստեն արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն ապագային նայող:
ՀՐԱԺԵՇՏ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻՆ
ԵՎ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՆ
Բայց ներկա փուլի կարեւորագույն խնդիրը մենաշնորհների համակարգը քանդելը եւ մրցակցային միջավայր ձեւավորելն է, որն այսօր բխում է մեր երկրի շահերից, երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական ֆոնը որոշակիորեն մեղմելու խնդրից, որից էապես կբարձրանա մրցակցության արդյունավետությունը: Հայաստանի առաջնային խնդիրներից մեկն էլ տնտեսական աճը տնտեսական կայուն զարգացման վերածելն է, ինչպես նաեւ մրցակցության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը: Մեր երկրում ոչ լրիվ է կայացած նաեւ արժեթղթերի շուկան, փոքրաթիվ են ինստիտուցիոնալ համապատասխան ենթակառույցները:
Ներկայումս մեր երկիրը գնում է օտարերկրյա ներդրումները խրախուսելու ճանապարհով: Բավական է միայն նշել, որ այսօր ռուսական կապիտալով շուրջ 1200 ձեռնարկություն իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում: Խթանվում են նաեւ ներդրումները սփյուռքի հետ ավելի ակտիվ համագործակցության միջոցով:
Այս ամենը, անշուշտ, կարեւոր է նաեւ 2015 թվականին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության տեսանկյունից, որը պատմական կարեւոր նշանակություն է ունենալու ամբողջ աշխարհի համար, որին Հայաստանը նույնպես դրականորեն է վերաբերվում:
Ինչեւէ քաղաքական կյանքը մեր երկրում հագեցված կլինի, իսկ մենք ականատես կլինենք նաեւ մյուս քաղաքական ուժերի նախընտրական կողմնորոշումներին, մանր եւ մեծ բախումներով համեմված պոպուլիստական հռետորաբանությանը, քաղաքական ու գաղափարական պայքարի սրմանը:
Այնուամենայնիվ, վերջին տարիների ձեռքբերումները ակնհայտ են, իսկ դրանից հիմնականը բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է` հույսի, հավատի, ինքնավստահության վերականգնումը: Մարդկանց մոտ վերջապես հայտնվել է իրական փոփոխությունների հեռանկարը: Մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս զարգացման այնպիսի ուղի, որը թույլ կտա, որ մեր կառուցած երկիրը պատվարժան տեղ գրավի աշխարհի առաջադեմ երկրների շարքում:
ՀԱՄԼԵՏ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ, պրոֆեսոր,
Լրագրողների միջազգային միության անդամ

