ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԽՈՒԺԵԼ ՍԻՐԻԱ
Արխիվ 12-16Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվում է Թուրքիայի շուրջ, ռուսների համար իրոք կարող է միանգամայն վտանգավոր դառնալ: Այս օրերին ՙԻսլամական պետություն՚ խմբավորումը շարունակում է ակտիվ հարձակումները Սիրիայումª դեպի թուրքական սահման: Հարձակումն ընթանում է հատկապես քրդաբնակ շրջաններում, եւ, առանց չափազանցության, աշխարհը շունչը պահած հետեւում է հենց Թուրքիայի սահմանին գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի դրամատիկ պատմությանը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆª ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ
Այն, որ Անկարային մի քանի տեսանկյունից միանգամայն ձեռնտու են ԻՊ-ի այս հարձակումները, արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այդ կերպ Թուրքիան նախ փայլուն հնարավորություն է ստանում քրդազրկել իր սահմանակից սիրիական քրդաբնակ տարածքներն ու արմատից ոչնչացնել այնտեղ գրեթե ձեւավորված եւ իր համար մեծ վտանգ ներկայացնող քրդական ինքնավարությունը: Երկրորդը. սպանդը կանխելու համար արդեն մինչեւ իսկ թուրքական քրդերն են Անկարայից պահանջում զորք մտցնել Քոբանիի հատված, այսինքնª Սիրիայի տարածք, ու այդ պահանջի արդյունքում սկսված ներթուրքական հուզումներն արդեն իսկ մոտ 25-ի կարգի զոհերի պատճառ են դարձել: Իհարկեª Սիրիա զորք մտցնելը Թուրքիայի վաղեմի երազանքն էր, բայց այս պահին սահմանափակվում է պասիվ դիտորդի դերով: Իմաստը կարելի է կռահել. նախ պետք է ԻՊ-ձեռքով ավարտին հասցնել սկսածըª տարածաշրջանի քրդաթափումն ու առավել դիմադրողունակ հատվածի ֆիզիկական ոչնչացումը: Եվ հաշվի առնելով ԻՊ-ի հետ ունեցած հին ստվերային կապերը, դժվար չէ ենթադրել, որ մոտ ապագայում կսկսենք խոսել ահաբեկչական այդ կառույցի ձեռքերով Անկարայի իրականացրած հերթական ցեղասպանության մասին ¥եւ տեղին է, որ քրդերը հիշեն, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունը Թուրքիան նաեւ իրենց ձեռքով կազմակերպեց¤: Եվ քրդերին կոտորելուց հետո արդեն Էրդողանն ազատարարի դիմակի տակ զորքերը կշարժի ԻՊ-ի դեմ, իսկ փաստացիª կմտցնի Սիրիա: Ընդ որում, արդեն իսկ սկսել է պահանջել, որ տարածաշրջանը հայտարարվի ոչ թռիչքային գոտի: ԻՊ-ն թեեւ մի քանի ինքնաթիռ ունի ¥գրավել է Իրաքում¤, բայց այն ավիացիա համարելն ու ոչ թռիչքային գոտի սահմանելը նույնիսկ ծիծաղելի է հնչում: Բայց Անկարան միանգամայն լուրջ է տրամադրված եւ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան կարծես թե լրջորեն մտածում է այդ մասին. համենայնդեպսª Պենտագոնն արդեն իսկ պաշտոնապես է խոսում, որ օդային գրոհներով ԻՊ-ի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, որ պետք է գործադրել տարածաշրջանի ունակ բանակները, եւ հավանական թեկնածուներից առաջինը հենց կոնկրետ վայրում գտնվող թուրքական բանակն է: Ընդ որում խաղն այնքան ՙնուրբ՚ է սարքված, որ Թուրքիայից ոչ միայն քրդերը, այլ արեւմտյան ուժերը, այսինքնª ՙհամաշխարհային հանրությունն՚ է պահանջում միջամտել: Ավելինª կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ քննադատության սյունին էր գամել Թուրքիային, թե ինչու նա ԻՊ-ի դեմ ոչինչ չի անում: Դե, ուրեմն այսքանի հետո հանուն ՙընդհանուր շահերի՚ Թուրքիան ՙստիպված՚ կլինի մտնել Սիրիա, բայց նաեւ պետք է չէ± նրա պահանջներն էլ կատարել: Իսկ պահանջներից է ոչ թռիչքային գոտին, եւ հաշվի առնելով, որ այդ հատվածում, բացի թուրքերից, լուրջ ավիացիա ունի միայն սիրիական բանակը, դժվար չէ գլխի ընկնել, որ Անկարայի այդ պահանջը հենց Դամասկոսին է վերաբերում:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՊ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՔՈԲԱՆԻԻ, ԱՅԼ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՄ Է
Այսպիսովª ակնհայտ է, որ թուրքական պլանների մեջ են մտնում նախª Սիրիա զորք մտցնելու համար ԻՊ-ի ձեռքերով համապատասխան իրավիճակ ստեղծելն ու որպես ահաբեկիչներին պատժելու միակ ռեալ թեկնածու իր բանակը հրամցնելը, ինչը գործնականում արված է: Հաջորդ քայլը կլինի ՙպարտադրված՚ Սիրիա ներխուժումը, եւ այդ ընթացքում նախագահ Ասադին առավելագույնս չեզոքացնելու համար պետք է նորից ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով Ասադին զրկել ակտիվ պաշտպանության հնարավորությունից ու առաջին հերթինª ավիացիայի ազատ օգտագործումից: Դրանից հետո արդեն Վաշինգտոնի կողմից հովանավորվող մյուս ահաբեկչական կառույցների, այսինքնª սիրիական ոչ ռադիկալ ընդդիմություն կոչվածի միջոցով Ասադին ջախջախելը դառնում է տեխնիկայի խնդիր: Իսկ հավելյալ աջակցության համար ՆԱՏՕ-ն արդեն իսկ խոստացել է Թուրքիայում լրացուցիչ ուժեր տեղակայել:
Բայց սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Սիրիայի ռազմական նվաճում, ինչին որ ԱՄՆ-ը ձգտում է արդեն մի քանի տարի եւ հնարավորություն չուներ իրականացնել ռուս-իրանական հակազդեցության պատճառով: Այդ ներխուժումը ՙահաբեկչության դեմ պատերազմի՚ պիտակով այս պահին դարձել է միանգամայն ռեալ: Սակայն այս իրավիճակում Սիրիան չկորցնելու, որից հետո անխուսափելիորեն Իրանը, ասենք նաեւ հարավկովկասյան տարածաշրջանը հերթական թիրախը չդարձնելու համար ի±նչ քայլերի կդիմեն Թեհրանն ու Մոսկվան:
Այս առնչությամբ Իրանն արդեն իսկ լուրջ անհանգստություն է ցուցաբերումª Անկարային ուղարկելով պաշտոնական հայտարարություններ` առանց Դամասկոսի թույտվության Սիրիայի տարածքում ցանկացած գործողություն իրականացնելու անթույլատրելիության մասին: Սակայն դա կոալիցիայի ՙդաբրոն՚ ստացած Թուրքիային հազիվ թե կանգնեցնի, այսինքնª հենց այս պահին Թեհրանը պետք է մտածի Սիրիան չհանձնելու համար շատ ավելի կոնկրետ գործողությունների մասին, եթե իհարկե ուզում է խուսափել ոչ շատ հեռու ապագայում արդեն իր սեփական տարածքներ օտարերկրյա զորքեր մտցնելու անթույլատրելիության մասին դիվանագիտական հայտարարություններից:
Մոտավորապես նույն խնդիրն ունի Ռուսաստանը, որը կորցնելով Սիրիանª միանգամից հայտնվում է նաեւ Իրանն ու հարավկովկասյան տարածաշրջանը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ, առավել եւս, որ այսօր արդեն ՆԱՏՕ-ն մտածում է Վրաստանում որոշակի ենթակառուցվածքներ տեղակայելու մասին: Ընդ որում չմոռանանք, որ ԻՊ-ն խոստացել է նաեւ Ռուսաստանում ապակայունացում սկսել, եւ այս օրերին հարավային Ռուսաստանում ահաբեկչական գործողությունների վերսկսման փորձերը պետք է թերեւս Մոսկվայի համար լուրջ ահազանգ լինեն, որ Սիրիան կորցնելուց անմիջապես հետո միանգամից անկայունության լուրջ օջախի կարող է վերածվել իր հարավային մի քանի մարզերը, որտեղ, ի դեպ, այս տարիներին իսլամական տարրն ու ծայրահեղ իսլամական տրամադրությունները միայն աճել են: Գումարենք դրան ուկրաինական խնդիրն ու ներռուսաստանյան ՙգունավոր՚ շարասյուները, եւ կստանանք, որ իրոք այսօր Մերձավոր Արեւելքում Մոսկվան հենց ինքն իրեն է ստիպված լինելու պաշտպանել: Այս պարագայում, հասկանալի է, Հայաստանի եվրասիականացումն արագորեն ավարտին հասցնելը դառնում է օրակարգային կարեւոր խնդիր: Բայց դա դեռ ամբողջական լուծումը չէ. սիրիական հարցն արդեն ամբողջովին ռազմական հարթությունում է, եւ այս տեսանկյունից էլ ոչ միայն Թեհրանը, այլ նաեւ Մոսկվան հենց այս պահին կոնկրետ որոշում կայացնելու հրամայականի առաջ են կանգնած, հաշվի առնելով, որ մեծ հավանականությամբ արդեն բառացիորեն այսօր-վաղը թուրքական զինուժը կհատի սիրիական սահմանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

