ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՆՈՅԻ, ԱՅԼԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԱՅԼԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ
Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե օրերս Ռոբերտ Քոչարյանն իր առանձնատանը հանդիպել է լրագրողների խմբի հետ, ինչը հաստատեց նաեւ վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն չմանրամասնեց հանդիպման նպատակն ու դրա բովանդակությունը:Սակայն, ինչպես գրում է ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում` ՙԱյդ հանդիպման մասին որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, արդեն հայտնի են դառնում` տարբեր աղբյուրներից արտահոսքերի տեսքով... Հանդիպումը կրել է ոչ ֆորմալ բնույթ եւ ընթացել է ուտեստի սեղանի շուրջ: Քոչարյանը շոշափել է հարցերի լայն շրջանակ` Սյունիքի մարզպետի վերանշանակումից մինչեւ վերադարձ մեծ քաղաքականություն: Քոչարյանը նախ իր խիստ բացասական վերաբերմունքն է արտահայտել երբեմնի հավատարիմ դաշնակից ՀՅԴ-ի ներկայիս մարտավարության վերաբերյալ: Նա հատկապես դժգոհել է սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ դաշնակցականների ունեցած դիրքորոշումից եւ ակնարկել, որ նման գործելաոճի դեպքում ՀՅԴ-ն կարող է խնդիրներ ունենալ: ԲՀԿ-ի առումով Քոչարյանը նշել է, որ այդ կուսակցությանը տեսնում է որպես` անձամբ իր ապագա քաղաքական հենարան, քանի որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ի ներսում ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնց վրա բավականին մեծ է իր ազդեցությունը՚:
Ինչ վերաբերում է կարեւորագույն հարցերին, ապա ՙԵվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առնչությամբ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնային խնդիրը Եվրաասոցացման պայմանագրի ստորագրումից Հայաստանին հետ պահելն էր:
Ասում են, որ սահմանադրական բարեփոխումների առումով` Քոչարյանը նշել է, թե Հայաստանում ավելի կարեւոր է ղեկավարողի անձը, այլ ոչ թե ղեկավարման մոդելը: Որպես իր խոսքերի ապացույց` Ռ.Քոչարյանը մատնանշել է իր վարչապետ աշխատելու ժամանակահատվածը եւ ասել, որ այդ ժամանակ ինքն ավելի ամուր դիրք ու ազդեցություն ուներ երկրի կառավարման համակարգում, ինչի արդյունքում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մոտ նախագահ էր աշխատում՚: Խեղճ ԼՏՊ, ստացվում է, որ ծերուկը ոչ միայն Վանոյի, այլեւ Քոչարյանի մոտ է նախագահ աշխատել: Բայց այդ մարդը տեղով ՙթուղթուգիր՚ է` ի±նչ եղավ Վանոյի հետ, ում մոտ նա նախագահ էր աշխատում...
Ըստ Սարգիս Բալայանի` ՙՔոչարյանն անդրադարձել է նաեւ ՙեռյակի՚ գործունեությանը` նշելով, որ այնքան էլ ոգեւորված չէ Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան շփումներից, բայց՚ դա եւս կարող է ծառայեցնել իր քաղաքական շահերին: Ինչ վերաբերում է նրա` մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, ապա ՙՌ.Քոչարյանը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չունի` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու առնչությամբ: Քոչարյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում հրապարակայնորեն կարտահայտի իր կարծիքը` երկրում տիրող իրավիճակի մասին՚:
Ի դեպ, ըստ Սարգիս Բալայանի` ՙհանդիպման հենց սկզբից Ռ.Քոչարյանը լրագրողներին զգուշացրել է նշումներ չանել եւ չհրապարակել իրենց զրույցի մանրամասները՚: Սակայն, կարծես թե, կա°մ նախկին նախագահի լրատվական թիմում բերանբացներ կան, կա°մ նրա առանձնատան պատերն ականջներ ունեն, որ այդքան տեղեկատվություն, այնուամենայնիվ, արտահոսել է... Կամ միգուցե հենց Քոչարյանն է կամեցել, որ արտահոսք լինի:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

