ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ

1990 թվականին հիմվեց Աբու Դաբիի Հայկական Մշակութային Ընկերակցությունը, որը երկար տարիների իր գործունեության ընթացքում ունեցել է միայն մեկ կարեւոր նպատակ` հայկական մշակույթը պատշաճ ներկայացնել Աբու Դաբիում բնակվող հայ եւ օտարազգի մարդկանց:
Հայկական Մշակութային Ընկերակցության 20 տարվա գործունեությունը հայ հասարակության ավելի լայն հատվածներին ներկայացնելու համար` ընկերակցության անդամները հրատարակել են «Հուշամատյան Աբու Դաբիի Հայկական Մշակութային Ընկերակցության» գիրքը, որտեղ ներկայացված է Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի զարգացմանն ուղղված աշխատանքների նկարագրությունը: Գրքում ներկայացված է ընկերակցության 1990-2010 թվականների գործունեությունը: Գրքի շնորհանդեսը տեղի ոնեցավ Խնկո- Ապոր անվան գրադարանում, որտեղ ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ տիկին Պողոսյանի` Հայկական Մշակութային Ընկերակցությունը ստեղծվեց մի ժամանակաշրջանում`1990 թվականին, երբ Հայաստանը կանգնած էր անկախության շեմին.«Ընկերակցության ստեղծումը ժամանակի հրամայականն էր, որն իր վրա վերձրեց այն բոլոր խնդիրները, որոնք պահանջում էին լուծում: Այս ընկերակցության շնորհիվ է, որ մեզ համար դժվարին տարիներին բազմաթիվ ուսանողներ կարողացան սովորել Հայաստանում եւ ստանալ կրթաթոշակներ: Այսօր ցանկացած դուռ կարելի է բախել, քանի որ ընկերակցության հեղինակությունը բավարար է դրա համար»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Անդրադառնալով ընկերակցության հրատարակած գրքին` նա փաստեց, որ գրքին ծանոթացել է դեռեւս 2010 թվականին, երբ այն տպագրված չէր.«Գիրքը շատ սեղմ է ներկայացնում ընկերակցության գործունեությունը: Այստեղ ներկայցված չեն մարդկանց հուզումները, զգացմունքները, մարդկային վերաբերմունքը, գրքում ներկայացված է միայն փաստեր»,-ավելացրեց Հ. Պողոսյանը:
Գրքի հեղինակներից մեկի`Գրիգոր Ճէրէճեանի խոսքով`իրականացավ ընկերակցության նպատակներից մեկը`հրատարակել գիրք, որը կամփոփեր ընկերակցության 20-ամյա գործունեությունը.«Այս գիրքը բոլոր նրանց պատմությունն է, որոնք տարբեր ժամանակներում նպաստել են հայպահպանման սուրբ գործին»,-ասաց ԳՐԻԳՈՐ ՃԷՐԷՃԵԱՆԸ:
Նշենք, որ գրքում զետեղված են նաեւ բազմաբնույթ լուսանկարներ, որոնք նույնպես պատմում են ընկերակցության մասին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

