ԱՎԱՐՏՎԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ԱՎԱՐՏՎԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Ամփոփվեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը: 12-րդ «Հայ ֆեստ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը: Փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ: Փառատոնի ընթացքում հայ հանրությանը ներկայացվեց ավելի քան 50 տարբեր ներկայացումներ: Այս տարի փառատոնում հյուրընկալվել էին 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստի»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: Փառատոնը նաև ուսանողներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Փառատոնը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Հոկտեմբերի1-8-ը ընկած ժամանակահատվածում մենք ականատես եղանք հրաշալի թատերական հրավառության: Փառատոնի շրջանակներում տեսանք բազմաբնույթ ներկայացումներ, փառատոնը իր բնույթով ինձ համա օրինակելի է: Այն շատ վառ օրինակ է մի կողմից` լավ իրականացվող մենեջմենտի,մյուս կողմից`այս նախագիծը առաջնային է, իր բարձր գեղարվեստական ասելիքով:«Հայ ֆեստը» կայացած է եւ սպասված եւ վստահ եմ, որ մեր թատերասեր հասարակության կողմից կշարունակի լինել սպասված»,-փառատոնի ամփոփման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով`այս տարի փառատոնում կար հիանալի հայկական ծրագիր եւ համեմատած նախորդ տարիների, այս տարի հայ հանդիսատեսը ավելի ակտիվ է եղել.«Մեր փառատոնում չի կարող ներկայացվել այնպիսի ներկայացում, որը գռեհիկ է եւ խախատում է ՀՀ օրենքները: Փառատոնի գլխավոր նվաճումներից մեկն այն է, որ մարդկանց համար ստեղծում է ընտրության հնարավորություն» ,-մեկնաբանեց ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

