«Кто дает деньги, тот и заказывает музыку». ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԲՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16«Кто дает деньги, тот и заказывает музыку». ԱՆԱՀԻՏ
ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԲՀԿ-ԻՆ
«Ժառանգության» կուսակցության անդամ, ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին մասնակցելու է ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ «Եռյակի»՝ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի,«Ժառանգության» կազմակերպած համատեղ հանրահավաքին, բայց ինչպես նշեց տիկին Բախշյանը, նա կմասնակցի որպես ՀՀ քաղաքացի: «Ժամը 19:00-ին կարեւոր գործ ունեմ, էնտեղ եմ գնալու»,- ասաց նախկին պատգամավորը, ապա հավելեց, որ ելույթ չի ունենալու, քանի որ ասելիք չունի: «Մասնակցելու եմ հանրահավաքին, քանի որ իշխանափոխության ծարավ եմ, որը պետք է լինի համակարգային փոփոխությունների միջոցով»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է՝ «Ժառանգության» մասնակցությունը այդ հանրահավաքին:«Մենք ի սկզբանե ԵՄ-ի անդամակցության կողմնակից ենք, իսկ մյուս երկու ուժերը՝ ԵՏՄ-ի անդամակցության կողմնակից: Սա արդեն հերիք է, որ ես ինձ այդ «Եռյակում» չտեսնեմ»»,-ասաց տիկին Բախշյանը:
- Տիկին Բախշյան, այս հարցի մասին խոսե՞լ եք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
-Այո, այո: Րաֆֆի Հովհաննիսյանը այս նույն հարցերը բարձրաձայնել է քննարկումների ժամանակ:
- Եվ պատասխաններ չի՞ ստացել:
-Ինքը ինչի որ սպասում է, հուսանք այսօր կլսենք: Ես կարեւոր բան եմ ուզում ասել՝ որեւէ տարբերություն չեմ տեսնում գործող կուսակցության եւ ԲՀԿ-ի միջեւ:
- Համաձա՞յն եք, որ ԲՀԿ-ն է հենց «Եռյակի» քաշող ու շարժիչ ուժը:
-Դե հա: Ինչպես ասում են, «кто дает деньги, тот и заказывает музыку»: Ո՞վ ունի էդ հնարավորությունը: ԲՀԿ-ի միակ նպատակը իշխանության հասնելն է:
- ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության գալ չե՞ն ցանկանում:
- Ցանկացած քաղաքակն ուժ ուզում է իշխանության գալ, բայց չունի այն ռեսուրսը, որն ունի ԲՀԿ-ը:
-«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վերջերս հայտարարել է, որ ինքը նախագահի պաշտոնում տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Համամի՞տ եք Ա. Մարտիրոսյանի այս հայտարարությանը:
-Այդ մեկն ընդհանրապես հասկանալի չէ: Կարծում եմ՝ Արմենը բերանից թռցրել է, շփոթվել:
- Իսկ համաձա՞յն եք հնչեցված տեսակետին:
-Ո՞նց կարող եմ համաձայն լինել, միանշանակ ոչ:
- Ըստ Ձեզ՝ ինչու այսօր չի քննարկվելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը հանրահավաքի օրակարգում:
-180 աստիճան հակասությունը հենց էդտեղ է:
- Տիկին Բախշյան, հոկտեմբերի տասի հանրահավաքից հետո հասարակական-քաղաքական կյանքում ինչ փոփոխություն է տեղի ունենալու, ինչ սպասել հետագայում:
-Բա ես գիտե՞մ դրա պատասխանը: Ովքեր հավատում են, որ հանրահավաքը փոփոխություններ է բերելու, ու եթե այդ փոփոխությունը չլինի, հերթական անգամ մարդիկ կհիասթափվեն ու ձեռքերը թափ կտան: Իսկ ես տեսել եմ մարդկանց, որոնք հավատում են, որ փոփոխություն կլինի:
- Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս երկու ուժերի հետ կկրի իր բաժին պատասխանատվությունը հանրահավաքի մասնակից քաղաքացիներին հիասթափեցնելու համար:
-Չեմ ուզում, որ դա լինի, որովհետեւ Րաֆֆին տարբեր է: Ինչ ուզում եք ասեք, Րաֆֆին տարբերվում է մյուսներից:
-Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ելույթ ունենալո՞ւ է:
-Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ այո:
Սոնա Դավթյան

