«ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ»,- ՊՆԴԵԼ Է Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
ԵՂԵԼ»,- ՊՆԴԵԼ Է ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Փայլակ Հարյրապետյանի մամուլում հնչեցրած հայտարարությունները, ըստ որի Աշոտ Սուքիասյանը առերեսման ընթացքում հիշատակել է նախկին վարչապետի եւ սրբազանի անունները, չեն համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը, Աշոտը առերես հարցաքննության ընթացքում պնդեց, որ ոչ նախկին վարչապետը, ոչ սրբազանը տեղյակ չեն եղել, որ նա օֆշորում իրենց անուններով ընկերություն է բացել: Ասել է, որ դա արել է միայն իրեն ապահովագրելու համար: Ես զանգահարել եմ քննիչին եւ խնդրել, որ Հայրապետյանին զգուշացնեն, որ ստահոդ լուրեր չտարածի»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց օֆշորայի սկանդալի գլխավոր դերակատար ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Անդրադառնալով առերեսման մանրամասներին փաստաբանը հավելեց. «Առերեսման ընթացքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչ հանրությանն արդեն հայտնի է: Նա ասում է, որ դիտավորություն չի եղել եւ Հայրապետյանին բացատրել, թե. «Դու էլ եկար Աֆրիկա, տեսար, ինչ պայմաններ կային: Մենք պետք է հումք սկսեինք այնտեղից արտահանել, դու էլ անցար այլ գործարարների կողմը, քրեական գործ հարուցեցիր իմ դեմ, գործին խոչընդոտեցիր: Հայտարարեցիր, թե այնտեղ հանք չկա եւ Հայաստանում բանկային արգելքներ դրեցին գույքի վրա»:
Iravunk.com-ը փորձեց կապ հաստատել նաեւ սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի հետ, սակայն վերջինիս արդեն քանի օր է չի պատասխանում հեռախոսազանգերին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

