«ՀԱՅՖԵՍՏՈՒՄ» ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆԵԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅՖԵՍՏՈՒՄ» ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆԵԼ»
Ամփոփվեց մեր իրականության մեջ յուրահատուկ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը:«Հայ Ֆեստի» մասնակիցները ստացան պատվոգրեր փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ, ով, ինչպես ինքն է ասում, մազերը սպիտակել են այս փառատոնում: Շատերը հուզված էին ու հիացած ե՛ւ փառատոնով, ե՛ւ Հայաստանով: Ավելին`օրինակ, Ֆինլանդիայի ներկայացուցիչներն արդեն հայերեն էին խոսում, չնայած դեռեւս սահմանափակվեցին «շնորհակալություն» ու «հրամեցեք» ասելով: Իսկ Ռուսաստանից ժամանած «Բաց տարածք» թատերախմբի ներկայացուցիչը փառատոնի ամփոփմանը եկել էր
բավական տխուր, ինչի մասին անկեղծանալով նշեց. «Այսօր ողբերգություն է մեզ համար, որովհետեւ երբ երազանքը դառնում է իրականություն, դու ողբերգություն ես ապրում: Ես հույս ունեմ, որ երբ կհեռանանք Հայաստանից, կպարզվի, որ սա կախարդական երազ էր եւ մենք կվերադառնանք այստեղ մի նոր ներկայացմամբ»: «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար ՑԵԼԱԿ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով փառատոնին ներկայացավ երկու պրեմիերայով` հպարտորեն ասաց. «Եթե դու անում ես պրեմիերա
«Հայ Ֆեստին», ուրեմն` դու ունես մի բան, որի մասին հետո հպարտորեն կասեն»: Համալսարանական թատրոնի ռեժիսոր ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆՆ Էլ կարճ ու կոնկրետ հավելեց. «Հայ Ֆեստում» կարելի է ամեն ինչ անել եւ ամեն ինչ տեսնել»: Ի դեպ, հայֆեստյան ամփոփման ժամանակ հետաքրքիր անակնկալ էր սպասվում նաեւ «Իրավունքին»: Թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ արժանացավ «Հայ Ֆեստի» մրցանակի` երկար տարիներ լավագույնս փառատոնը լուսաբանելու համար: «Ամեն տարի «Հայ Ֆեստից» սպասել ենք յուրահատուկ ներկայացումներ եւ ասեմ, որ այն մշտապես արդարացվել է: Յուրաքանչյուր լրագրողիս համար մեծ պատիվ է գնահատված լինելը: Շնորհակալ եմ` այս մրցանակին արժանացնելու համար», - մրցանակը ստանալով` ասաց Լ. Եղիազարյանը:
Շնորհավորելով մեր գործընկերուհուն մրցանակի եւ «Հայ Ֆեստին» 13-րդ փառատոնի մեկնարկի կապակցությամբ` մեզ մնում է միայն մաղթել նորանոր ձեռքբերումներ ու ստեղծագործական վերելքներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

