ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՈՒՐՄԱՅԻՑ. ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵ
Արխիվ 12-16ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՈՒՐՄԱՅԻՑ. ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող սնունդ: Բացօթյա պայմաններում վաճառվող սնունդը, սակայն, վտանգավոր է մարդու առողջության համար, եթե հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում: «Իրավունքի» հետ զրույցում առողջապահության նախարարության առողջապահական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը մեր քաղաքացիներին հիշեցնում է՝ շրջակա միջավայրում աղիքային վարակիչ հիվանդություններ ու սննդային թունավորումներ առաջացնող հարուցիչների զարգացման համար սննդամթերքը պարարտ հող է. «Սանիտարահիգիենիկ պայմանները բացօթյա սննդի կետերում չպահպանելու դեպքում մանրէները բազմանում են, առաջացնում թույն, սննդային թունավորման ու աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառ դառնում>>:
Մասնագետի խոսքով՝ սննդի շատ կետերում չկան սառնարաններ, տաք եւ սառը հոսող ջուր, առանձին լվացարաններ աշխատողների, մթերքի լվացման համար:
Ըստ Լ.Հունանյանի, բացի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (ՍԱՊԾ) հանրային սննդի կետերի վերահսկողությունից, կարեւոր է նաեւ հասարակությունն տեղեկացվածության խնդիրը: «Սպառողները պետք է հասկանան ՝ հակահիգիենիկ պայմաններում գնված սնունդը վտանգավոր է առողջության համար»:
Թեեւ այս տարի բացօթյա պայմաններում վաճառվող սննդից թունավորման դեպքեր չեն արձանագրվել, բայց նախորդ տարիներին նման դեպքեր արձանագրվել են: «Դեպքերն էլ գրանցվում են այն ժամանակ, երբ քաղաքացին գնում է հիվանդանոց: Իսկ եթե հիվանդի վիճակը թեթեւ է լինում, տնային պայմաններում առողջանում են: Սննդայի թունավորման դեպքեր եղել են շաուրմայից: Ասեմ, որ հիմնականում շաուրմայից են թունավորվում»:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ ՍԱՊԾ-ը պետք է համապատասխան ստուգումներ անցկացնի հանրային սննդի օբյեկտներում: Եթե համապատասխան նորմերը չեն պահպանվում, պետք է կասեցնել այդ կետերի գործունեությունը: Պիպոյանը հիշեցնում է՝ 2011-ին, երբ ինքն աշխատում էր ՍԱՊԾ ոլորտում, ստուգումներ սկսվեցին հանրային սննդի փոքր օբյեկտներում, մասնավորապես «Երիտասարդական» մետրոյի ու Շրջանայինի գետանցումներում գործող սննդի կետերում կատարել ստուգումներ: «Գործընթացը, սակայն, ավարտին չհասցվեց: Իսկ թե ինչու, հարցրեք պատկան մարմիններին, բայց սա լուծվող ու երկար ժամանակ չպահանջող խնդիր է: Պարզապես աշխատատար գործընթաց է, իսկ պետական ապարատի ներկայացուցիչները ցանկանում են որքան հնարավոր է գործ անելու փոխարեն ավելի երկար սուրճ խմել»,- մանրամասնում է ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանն էլ մեզ հայտնեց, որ օրեր առաջ ստուգվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի կետերը եւ մեկ տասնյակից ավելի սննդի օբյեկտների գործունեությունն արձանագրված խախտումների պատճառով դադարեցվել է: «Այս պահին ուսումնասիրվում են Արաբկիր վարչական շրջանի սննդի կետերը: Արդյունքները կհրապարակվեն ուսումնասիրությունների ավարտից հետո»,- եզրափակեց Ա. Սուքիասյանը:
Սոնա Դավթյան

