Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցու հոգեւոր երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սաթենիկ Ասլանյանը ցեղասպանություն տեսածների երրորդ սերունդն է: Նրա տատիկը եւ պապիկը 1915 թվականին փրկվելով օսմանցու յաթաղանից` եկել եւ հաստատվել են ՀՀ Շիրակի մարզում:
Տիկին Ասլանյանը պապիկից լսել է այն բոլոր սարսափների մասին, որոնց ենթարկվել են Արեւմտյան Հայաստանում, այս պատմությունների հիման վրա էլ գրել է 15 երգ` նվիրված պատմական Հայաստանի նահանգներին: Երգերը լույս կտեսնեն 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. ՙՊապիկս գաղթել է Երզնկայից, հաճախ էր կրկնում. ՙԷ¯հ, լաո, բնավեր ենք դարձել՚: Այդ ժամանակ մենք փոքր էինք եւ չէինք հասկանում, թե ինչ է ասում: Երբ չափահաս դարձանք, նա մեկ առ մեկ պատմեց այն ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել Երզնկայում: Թուրքերը գիշերով մտել են Երզնկա, սպանել պապիկիս ընտանիքի անդամներին, լցրել հորերը ու ծածկել հողով: Պապիկս կարողացել է թաքնվել եւ միանալ հայ գաղթականներին, սակայն տեսել է, թե ինչպես է թուրքը սպանում իր եղբորը, քրոջը, փոքրիկ երեխաներին...՚: Սաթենիկ Ասլանյանի խոսքով` պապերի արյան կանչն իր մեջ շատ հզոր է, արյան կանչով էլ ծնվում են նրա երգերը` Սասունի, Երզնկայի, Ալաշկերտի, Վանի եւ մնացած բոլոր նահանգների մասին: Նահանգներ, որոնք ունեն պատմական անցյալ, հոգեւոր մշակույթ եւ հսկայական ժառանգություն. ՙՄեր ազգը 10 մլն է, ինչքան էլ նրանք սփռված լինեն աշխարհով մեկ, միեւնույն է` նրանց բոլորի մեջ խոսում է արյան կանչը: Մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, մի օր մենք գնալու ենք Արեւմտյան Հայաստան ոչ թե մեկ կամ երկու օրով, այլ գնալու ենք ու տեր կանգնենք մեր պապերի հողերին՚: