ԳԱՌՆՈՒ ՍՐԲԱՊԻՂԾԸ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ Է ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԻՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՄԲ
ՙԻրավունքի՚ նախորդ համարներում անդրադարձել էինք ռուսաստանցի ՙզբոսաշրջիկ՚, ՙԵրկնքի քաղաքացիներ՚ կրոնական էքստրեմիստական ուղղության հետեւորդ Մաքսիմ Նիկիտենկոյին, որը վերջերս պղծել էր Գառնիի տաճարը ու սկսել աղմկել սոցցանցերում:
Ավելին` մենք հույս էինք հայտնել, որ աղաղակող փաստերի հիման վրա, իրեն հոգեւոր առաքելություն վերագրող այս անձը արժանի պատիժ կստանա ու հենց հայաստանյան բանտերից մեկում էլ կապաշխարի իր մեղքերի համար: Սակայն, պարզվում է` վերջինիս արկածները Հայաստանում այսքանով չեն սահմանափակվել ու նա նույնպիսի ագրեսիվ պահվածքով ոտք է դրել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Արձագանքելով ՙԻրավունքի՚ հոդվածին` Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն ՏԵՐ ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրել է. ՙԱյս սրիկան եկել էր նաեւ Մայր Աթոռ եւ հայտարարում էր, որ մենք քրիստոնյա չենք, այլ` հերետիկոս ազգ: Շատ եմ ցավում, որ տեղյակ չէի այս անմիտի արարքին...՚: Ապա իրավացիորեն նշել. ՙՀայրենի պետության պատկան իշխանությունները պարտավոր են ամենախիստ պատժի ենթարկել այս չարագործին, ով հանդգնել է ոտնահարել մեր ազգային ժառանգության մաս հանդիսացող հնամենի տաճարը, ինչպես նաեւ վիրավորել հայ քրիստոնյայի ազգային-եկեղեցական արժանապատվությունը՚: