ՙԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ, ՈՎՔԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ,
ՈՎՔԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ՚
ՙԻրավունք Հետաքննությունը՚ հաճախ է անդրադառնում հայաստանյան տարբեր կալանավայրերում իրենց պատիժը կրող անձանց պատմություններին: Այսօրվա մեր զրուցակիցը` 60-ամյա Կարենը (անունը փոխված է), Երեւանի քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` երկու կամ ավելի անձանց նկատմամբ) դատապարտվել էր ազատազրկման` 6 տարի ժամկետով: Պատիժը կրում է ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ում: Չնայած արդեն մի քանի ամիս է մնացել, որ ազատության մեջ հայտնվի, բայց մինչ օրս չի ցանկանում խոսել այն միջադեպի մասին, որի պատճառով հայտնվել է անազատության մեջ: Կարենը ծնվել եւ մեծացել է Երեւանում, ինչպես ինքն է ասում. ՙԲանվոր դասակարգի ընտանիքում: Երկու երեխա ունեմ` աղջիկ եւ տղա, երկուսն էլ ամուսնացել են եւ բնակվում են արտերկրում: Աղջիկս` ԱՄՆ-ում, տղաս` Մոսկվայում: Ունեմ երկու թոռնիկ` աղջիկ եւ տղա, կինս մահացել է՚:
- Վերջին անգամ երբ եք տեսակցել Ձեր հարազատներին:
- Ես ՙԱրթիկ՚ ՔԿՀ եմ տեղափոխվել ՙՍեւան՚ ՔԿՀ-ից. վերջին անգամ երեխաներիս տեսել եմ այնտեղ, դրանից հետո նրանք մեկնել են Հայաստանից: Հիմա երբեմն հեռախոսով ենք զրուցում, միմյանց որպիսությունը հարցնում:
- Մինչեւ դատապարտվելը պատկերացում ունեիք ՔԿ հիմնարկի մասին:
- Որպես այդպիսին` չունեի, բայց լսածս խոսակցություններն էլ ամբողջովին տարբերվում էին իրականությունից. մինչեւ կաշվիդ վրա չզգաս, չես հասկանա: Ազատության մեջ պատկերացումներն այլ են, ավելի գունազարդված են, բաներ են պատմում, կարծես գեղարվեստական կինոնկար դիտես:
- Աստված մի արասցե, իհարկե, բայց հնարավոր է նորից վերադառնաք ՔԿ հիմնարկ:
- Երբեք մի° ասա` երբեք, բայց բացառվում է: Վաթսուն տարեկան եմ, ինչքան սխալվեցի, բավ է, ժամանակն է հանգիստ վայելել կյանքիս մայրամուտը` հարազատներիս, երեխաներիս եւ իհարկե թոռնիկներիս հետ, փորձել վերականգնել այն, ինչ կորցրի ազատազրկման տարիների պատճառով, հնարավորինս պետք է լրացնել բացը:
- Ընդամենը մի քանի ամիս, եւ կրկին կլինեք ազատության մեջ, հետադարձ հայացք ձգելով Ձեր ազատազրկված տարիներին` ինչ եք մտածում:
- Իհարկե զղջում եմ, իսկ ով չի զղջում: Կարեւոր չէ` դատապարտյալ ես, թե` ոչ, բոլորն էլ կյանքում գիտակցաբար, թե անգիտակցաբար այնպիսի քայլերի են դիմում, որոնց համար զղջում են: Երեւի ճակատագիր է, չգիտեմ: Օրինակ, հաշվիչ մեքենայի վրա արագ, առանց մտածելու անդադար ինչ-որ թվեր եք սեղմում եւ վերջումª հավասարումը ինչ-որ թիվ է ստացվում, չէ. իմ կյանքի մի հատվածում էլ այդպես ինչ-որ թիվ ստացվեց` առանց հասկանալու եւ չգիտակցված ինչ-որ քայլեր անելու համար: Արարքիս համար ազատազրկվել եմ, իսկ ազատությունը ոչ մի բանով չի կարելի փոխարինել, եթե ոչինչ էլ արած չլինեմ, անազատության համար արժե զղջալ:
- Պատժաժամկետի լրանալուց հետո որոշել եք, թե որտեղ եք ապրելու, ինչով եք զբաղվելու:
- Ազատվելուս օրն ինձ որդիս է դիմավորելու, նա այդ օրը գալու է Հայաստան. երկրից չեմ մեկնի, առավել եւս` այս տարիքում. ի±նչ եմ կորցրել օտար ափերում, չնայած որդիս այլ կարծիքի է: Տուն, արվեստանոց ունեմ, կզբաղվեմ նկարչությամբ, կտավներս կվաճառեմ եւ հանգիստ կապրեմ:
- Խցակիցներիդ հետ ինչպիսին են հարաբերություններդ, եւ ընդհանրապես` հեշտ է բանտախցում հարմարվել միմյանց, չէ± որ տարբեր բնավորության տեր մարդիկ եք:
- Մեկ կամ երկու շաբաթ չէ կամ ամիս. տարիներով ենք իրար հետ ապրում, ուզես թե չուզես, պետք է հարմարվես: Ինչ-որ հարցում դու ես զիջում, ինչ-որ հարցերում` քեզ. ապրում ենք մի ընտանիքի նման: Կան դատապարտյալներ, ովքեր հարազատ եղբայր են դառնում, բայց կա նաեւ մեդալի հակառակ կողմը. ուղղակի պարտադրված ես ամեն օր տեսնել ինչ-որ մեկին, բարեւել եւ վերջ:
- Երեկոյան, երբ վերադառնում եք բանտախուց, ինչով եք զբաղվում:
- Զբաղվում եմ նկարչությամբ: Աշխատանքի ժամանակ վերանում եմ իրականությունից, մտքով հեռու եմ գնում եւ ամենակարեւորը, ինչպես նշեցի, ժամանակն է շուտ անցնում: Ամեն կտավի հետ էլ ավելի եմ կատարելագործվում: Ոչ մի աշխատանքիս տակ անունս չկա, ստորագրել չեմ սիրում, թող որ իմ նկարները մնան որպես անհայտ նկարչի կտավ (ծիծաղում է-Ի.Ա.), մակագրել չեմ սիրում: Ունեմ վրձնահարվածներ, թաքնված գծեր, որոնք միայն ես եմ հասկանում: Նույնիսկ ինչ-որ նկար արտանկարելուց կրկին օտագործում եմ, որ հետագայում որտեղ էլ տեսնեմ իմ գործերը, ճանաչեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

