Երեկ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն լրագրողներին հայտնել էր կարեւորագույն արտաքին քաղաքական լուրը` որ երկրի ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում, որպեսզի արտերկրում օգտագործվի երկրի անգլալեզու Ջորջիա (Georgia) անունը: ՙՆախարարությունը գործնականում աշխատում է այդ ուղղությամբ, եւ ես հուսով եմ, որ վերջիվերջո այդ փոփոխությունը տեղի կունենա՚,- հայտարարեց նա: Իսկ նախօրեին վրացական կայքերը տարածել էին ճապոնական TV-Asahi հեռուստաընկերության տեսանյութը, ուր նշվում է, որ վրաց իշխանությունների բազում խնդրանքների կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը հարց է քննարկում, որ այդ երկիրն անվանեն ոչ թե ՙԳրուզիա՚, ինչը ճապոներեն հնչում է ՙԳուրուձիա՚, այլ անգլերեն տարբերակով` Ջորջիա: Հեռուստաընկերությունը նաեւ ՙկծեց՚ վրացիներին, մատնանշելով, որ պաշտոնական Թբիլիսին, չգիտես ինչու, չի դիմում բուն վրացական ՙՍաքարթվելո՚ անվանումն օգտագործելու խնդրանքով:
Բարեբախտաբար մեր հարեւան երկիրը չի դիմել ՀՀ իշխանություններին` հայերենում երկիրը Ջորջիա կոչելու, եւ ինչպես կոչում ենք Վրաստան, այդպես էլ շարունակվելու է, առանց որեւէ առարկությունների: Սակայն մազութային սուլթանատի բախտը չի բերել, քանզի կովկասյան թուրքերին այդպիսի խնդրանք հղվել է, եւ թերեւս Գյուրջիստան ասելու փոխարեն ստիպված ասել եւ գրելու են Ջորջիստան կամ նման մի բան: Ինչեւէ, այդ ամենն իրոք լուրջ է մեր դրացի երկրի համար, եւ ամենեւին էլ հումոր չէ: Թեեւ հումորային իրավիճակ եղել էր, օրինակ, 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ` քանի որ ԱՄՆ-ում կա Ջորջիա անունով նահանգ, աշխարհագրական գիտելիքներից ավանդաբար կաղացող բազում ամերիկացիներ անկեղծորեն կարծում էին, թե ռուսները պատերազմում են այդ նահանգի հետ: Բայց բոլոր դեպքերում լավ է, որ անվանակոչության սուպեր խնդիրը ոչ մի կապ չունի ոչ մեզ հետ, ոչ էլ հայ-վրացական հարաբերությունների: Գամառջոբա: