Ինչպես հայտնի է, 2007-ին, երբ 9 տարվա լռությունից հետո ԼՏՊ-ն վերադարձավ հրապարակային քաղաքական դաշտ, նրա ճամբարակիցները տեսասկավառակների (CD-ների) միջոցով լայնորեն տարածում էին ՙառաջնորդի՚ ելույթները, տարատեսակ հակաիշխանական տեսահոլովակները եւ այլ նյութերը, ու այդ պրակտիկան շարունակվել էր նաեւ 2008-ին:
Այն ժամանակ դա կոչեցին ՙCD-ների հեղափոխություն՚, քանզի դա բավականին արդյունավետ քարոզչական միջոց էր: Սակայն ճակատագրի հեգնանքով հիմա կրկին հայտնվել են CD-ներ, բայց այլ բնույթի: Քաջատեղյակ աղբյուրի վկայությամբ` այժմ ՀԱԿ ակտիվիստների միջավայրում տարածվում են CD-ներ, ուր ցցված է ԲՀԿ-ին առնչված որոշ անձանց ամենաակտիվ մասնակցությունը մարտիմեկյան ընդվզման ճնշմանը, ինչպես նաեւ նույն ՀԱԿ առաջնորդների` ժամանակին ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած բացասական ելույթների ամենասուր հատվածները: Այդ CD-ների տեսանյութերում նաեւ ուղղակիորեն հնչում է հարցադրում, թե ինչպե±ս կարելի է գործակցել ՙմարտիմեկյան դահիճների՚ հետ եւ այդքան ցինիկաբար տրորել զոհերի արյունը: Ինչեւէ, այս երեւույթը թերեւս կարելի է անվանել ՙCD-ների հակահեղափոխություն՚, եւ, ի դեպ, լուրեր են պտտվում, որ առաջիկա օրերին այդ տեսանյութերը կհայտնվեն նաեւ համացանցում: