«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԼԻԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԽՈՍՔ ԱՍԱԾ ԼԻՆԻ ԵՏՄ-Ի ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԼԻԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԽՈՍՔ ԱՍԱԾ ԼԻՆԻ ԵՏՄ-Ի ՄԱՍԻՆ»
Քաղաքական «թատերաբեմում» շարունակում են «գաստրոլներ» տալ ոչ իշխանական քառյակը: Մեկը սահմանադրական բարեփոխումներին է դեմ, մյուսին բարկացրել է Հայաստանի` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցումը, երրորդն էլ` կառավարական աթոռներ է ուզում: Բարձրացված խնդիրներից մի քանիսի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
- Պարոն Սահակյան, սահմանադրական բարեփոխումների մասին հանրությունը տեղյակ է այնքանով, որքանով այն դրական կամ բացասական առումով մեկնաբանում են քաղաքական գործիչները: Իրականում ինչպե՞ս պետք է ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի այս հարցում:
- Իսկապես, այդ խնդիրը կա: Մենք փորձում ենք ամեն ինչ քաղաքականացնելով` չմտնել ավելի, այսպես ասած, մասնագիտական քննարկումների մեջ եւ այլն: Բայց կարծում եմ` այս խնդիրը լուծելի է, որովհետեւ, երբ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, հայեցակարգը հաստատվի, ըստ ընթացակարգի, նախատեսված է մի լայնածավալ քննարկում նաեւ Ազգային ժողովում: Եվ այստեղ մեր քաղաքական ուժերը, իրոք, անելիք ունեն, որպեսզի ձեր իսկ կողմից նշված այդ քաղաքական շեշտադրումներից անցնենք խորը մասնագիտական կամ բովանդակային քննարկման: Եվ այդ ժամանակ քաղաքացին պետք է հասկանա, թե ինչի՞ համար է այս փոփոխությունն արվում կամ այս փոփոխության պարագայում, ինչ կփոխվի իր կյանքում` կբարելավվի՞ այն, թե՞ կվատթարանա: Այս հարթության մեջ պետք է փորձենք քննարկել, որպեսզի հանրաքվեի ժամանակ արդեն քաղաքացին իմանա, լուրջ պատկերացումներ կազմի եւ կարծում եմ` ճիշտ որոշում կկարողանա կայացնել, թե նմանատիպ փոփոխություններ պետք են, թե` ոչ:
- Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր ներքին քաղաքական մթնոլորտը հոկտեմբերի 10-ից հետո, երբ այլեւս իրականություն կդառնա ՀՀ` Մաքսային միության անդամակցումը:
- Իմ պատկերացումներն ու ակնկալիքները մի փոքր այլ են, ավելի շատ տնտեսական ոլորտի: Կցանկանամ, որ մենք կարողանանք արտահանման ծավալներն ընդլայնել ու մի քիչ ավելի լայն շուկա մտնենք: Իսկ քաղաքական ուժերը, թե ինչպիսի ազդեցություն կունենան այդ գործընթացներին եւ այլն, դա քաղաքական ուժերի որոշելիքն է: Ըստ էության, չեմ հիշում, որ, այսպես ասած, հիմնական դերակատար քաղաքական ուժերից որեւէ մեկը կամ որեւէ մեկի լիդերի խոսքը բացասական վերաբերմունք պարունակի Եվրասիական միության վերաբերյալ: Ես առնվազն չեմ կարողանում մտաբերել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

