ՙԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ 150-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԳ ԿԱ, ԹՈՂ 5 ՀԱՏ ԷԼ ՖԻԼՄ ԼԻՆԻ՚
Արխիվ 12-16ՙԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ 150-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԳ ԿԱ,
ԹՈՂ 5 ՀԱՏ ԷԼ ՖԻԼՄ ԼԻՆԻ՚
Օրերս ՙՄոսկվա՚ կինոթատրոնում կայացավ ռեժիսոր ԱՐՍԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՙՄեր Երեւանը՚ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է այսօրվա Երեւանի մասին, եւ ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց հաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, մոտ 15 տարի չենք ունեցել ժամանակակից Երեւանը նկարագրող որեւէ ֆիլմ. ՙՄենք սովորել ենք փնովել այսօրվա Երեւանը` լինելով երեւանցի եւ նվիրված այս քաղաքին: Ինձ համար շատ թանկ է Երեւանը, երբ այսօր կառուցվում է նոր Երեւան` չանտեսելով երեկվանը: Իմ կյանքի նշանաբանն է` ով թքում է անցյալին, կպնում է ապագային: Մի քիչ կոպիտ է, բայց ճիշտ է հնչում: Այսօրվա ֆիլմում ես տեսա այսօրվա Երեւանը` լավ ու բարի աչքերով, քանի որ ֆիլմը ստեղծել է մի մարդ, որին կարելի է համարել այս քաղաքի խորհրդանիշներից մեկը` Արսեն Ասլանյանը: Նա իրոք նվիրված է Երեւան քաղաքին եւ Հայաստանին: Այսօր, ցավոք, շատ քիչ են մնացել այն հեռուստատեսային մասնագետները, որոնք իրոք կերտել են հին հայկական, բարի հեռուստատեսությունը: Այսօր գրեթե նրանցից եւ ոչ ոք մեր Հանրային հեռուստատեսությունում չի աշխատում: Բայց հուրախություն մեզ` դեռ այստեղ են` Երեւանում եւ շարունակում են աշխատել: Նրանցից մեկն էլ հենց Արսեն Ասլանյանն է՚,- նշեց հաղորդավարն ու խոսելով ֆիլմից ստացած տպավորությունների մասին` հավելեց. ՙԱյսօրվա ֆիլմից բարություն զգացի, բնական է` գովազդը շատ էր ֆիլմում, իսկ այսօր առանց գովազդի, հնարավոր չէ, քանի որ նման ֆիլմեր ստեղծելու համար, ցավոք, ոչ թե պետությունն է հովանավորում, այլ` հովանավորները: Համոզված եմ` մի քանի տարի անց Երեւանի մասին կստեղծվի նոր ֆիլմ: Թեմաները շատ են, ինչ-որ մտքեր ինձ մոտ եկան, կգա օրը, ես էլ կստեղծեմ մի ֆիլմ Երեւանի մասին, քանի որ դա իմ պարտքն է՚,- ասաց Կ. Քոչարյանն, ով վերջերս իր սերը Երեւանի հանդեպ արտահայտել էր տեսահոլովակի տեսքով. ՙԱյո ե°ւ տեսահոլովակի, ե°ւ ՙՓողոց՚ հաղորդաշարի, որը ՙ3-րդ ալիք՚ հաղորդման շրջանակներում էր ստեղծվել: Այսօր մենք արխիվում ունենք այնպիսի փողոցներ, այնպիսի տներ, որոնք այսօր չկան` քանդված են. նախկին Սպանդարյան, Պուշկին, Լալայանց, Հին երեւանցու փողոցները, որոնք պահպանել ենք պատմության համար: Գուցե, դա էլ նոր ֆիլմ ստեղծելու թեմա դառնա՚:
Այդ ամենից անկախ, Կ. Քոչարյանն առիթը բաց չթողեց` առաջինը շնորհավորելու Երեւան քաղաքի տոնը. ՙՇնորհավորում եմ իմ քաղաքի ծննդյան օրը, որը կնշենք մոտ օրերս: Այն ինձ համար շատ սուրբ տոն է: Իմ կյանքում կա 3 տոն, որը ես շատ եմ սիրում. առաջինը Նոր տարին է, 2-րդը` իհարկե, իմ քաղաքի տոնը, 3-րդն էլ իմ ծննդյան օրը՚:
Սակայն ՙԻրավունքի՚ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր ԱՐՍԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ նշեց, որ ֆիլմը ոչ մի կապ չունի Երեւանի տոնի հետ. ՙԵրեք տարի նկարահանում էի այս ֆիլմը, եւ օրեցօր բաներ էր փոխվում քաղաքում ու միշտ ուզում էի, որ դա էլ նկարեմ: Եւ հասկացա, որ եթե այդպես շարունակվի, դեռ երկար կնկարահանեմ: Երեւանի մասին 150-ից ավելի երգ կա, թող 5 հատ էլ ֆիլմ լինի: Բավականին բաներ կան Երեւանում, որ չեմ ընդգրկել ֆիլմում` Ջրաշխարհը, Կենդանաբանական այգին, մեկ ուրիշ էլ կարող է դա ընդգրկել իր ֆիլմում: Ես ֆիլմն արել եմ այնպես, ինչպես ես կանեի: Քանի որ ես եմ պատմում ֆիլմը, ես էլ այդպես եմ տեսել իմ Երեւանը: Ինձ ասում են` ինչո±ւ ես շատ աղջիկ նկարահանել ֆիլմում, Սփյուռքի տղամարդը գալիս է Երեւան` աղջիկներին է նայում ու իր ստամոքսին, հիմա ինչպե±ս իրենց բերեի Հայաստան: Իհարկե, թանգարանները, Օպերան ու մայր թատրոնը ընդգրկված են ֆիլմում ... Ֆիլմի պրեմիերայից հետո մարդիկ ասում էին, որ այն, ինչ չէինք տեսել մեր երեւանում` տեսանք. այ հենց դա կձգի Սփյուռքում ապրող մեր հայերին, որ գնա Թումանյանի, Ե. Քոչարի, Փարաջանովի թանգարան՚,- պատմեց ռեժիսորն ու շտապեց տեղեկացնել, որ ֆիլմի նպատակներից մեկը Սփյուռքում բնակվող հայրենակիցներին Երեւան բերելն է. ՙԱռաջին նպատակն այն էր, որ Սփյուռքում ցույց տանք Երեւանն այնպես, ինչպես այսօր է: Երկրորդը` որ արտասահմանցին, երբ գա մեր քաղաք, իր հետ նյութ ունենա տանելու, այլ ոչ թե` իր նկարածը, նա կարող է մուրացիկի նկարել ու տանելով իր հայրենիք` ասի, որ սա է Երեւանը: Դրա փոխարեն` այս ֆիլմի սկավառակը տանելով` կասի` այսպիսի քաղաք է Երեւանը: Իսկ 3-րդ նպատակը` որ մեր հայրենակիցներին ասենք` եկե°ք Երեւան: Ես շատ եմ գումար ծախսել այս ֆիլմի վրա, բայց դա ինձ համար վիրավորական չէ, որովհետեւ տղաս ու աղջիկս տարիներ անց կասեն, մեր հայրն է նկարել այս ֆիլմը: Այն մնայուն արժեք է: Ես բավականին ֆիլմեր եմ նկարել ընթացքում եւ առաջիկայում էլ` մինչեւ տարվա վերջ ավարտին կհասցնեմ 2 ֆիլմ՚,- եզրափակեց Ա. Ասլանյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

