- Կովերս բարձրացել են հարեւանիս գոմի երթիկը, որը հին շինություն էր եւ հողածածք: Ծանրությունից ծածկը, գերանները փլվել են: Հարեւանս էլ կպել ա, թե` ծածկի փողը` 100.000 դրամ, տուր, թե չէ` դատի կտամ: Լոռու մարզ, Սպիտակի տարածաշրջան, Գագիկ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071 պրիմ երկու հոդվածի` կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է տվյալ կենդանու սեփականատերը: Դիմումատուի գրածից երեւում է, որ կենդանիները պատկանել են իրեն, իսկ դեպքի ժամանակ երրորդ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված չեն եղել, ուստի, եթե ապացուցվի կենդանիների պատճառած վնասը, ապա դրա հատուցման պարտականությունը դրվելու է վնաս պատճառած կենդանիների սեփականատիրոջ վրա: Օրենսդիրը հնարավորություն է տալիս վնասի հատուցումը կատարել նաեւ բնեղենով (օրինակ` վերականգնել քանդված շինության տանիքը):
Ցանկալի է, որ հարեւանների միջեւ առաջացած վեճն ավարտվի հաշտությամբ: Մասնավորապես, ընդհանուր միջոցներով հայթայթվի համապատասխան շինանյութ եւ համատեղ բանվորական ուժերով վերականգնվի տանիքը: Դատարանը չէ, որ պետք է լուծի այս վեճը, առավելեւս, բաց է մնում քանդված շինության կարգավիճակի հետ կապված հատուկ գիտելիք ունեցող մասնագետի եզրակացությունը, ինչպես պատճառված վնասի չափի, այնպես էլ, եթե պարզվի, որ քանդված շինությունը չի համապատասխանել գործող շինարարական-նորմատիվային ակտերին, կամ եղել է վթարային եւ ենթակա քանդման, այստեղ ոչ միայն վնասի հատուցման հետ կապված կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, այլեւ շինության սեփականատիրոջ նկատմամբ կարող են առաջանալ որոշակի պարտավորություններ` բխող բոլոր իրավական հետեւանքներով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ www.levgroup.am Հարցեր կարող եք ուղարկել նաեւ [email protected] հասցեով