«ՊԵՏՔ Է ՄՆԱԼ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՀՐՈՒՄ ՉԼԻՆԻ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ Է ՄՆԱԼ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ,
ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՀՐՈՒՄ ՉԼԻՆԻ»


Օրերս «Իրավունքը» հանդիպեց բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր, համանուն գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Վրաստան» թերթի սեփական թղթակից ու բաժանորդագրության ծառայության ղեկավար, ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչ, թիֆլիսաբնակ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ: Հայ եւ վրաց ժողովուրդների մերօրյա մեծ բարեկամի հետ զրույցը ծավալվեց նախ` Վրաստանում հայապահպանության մասին, ապա` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու մի շարք այլ քաղաքական ու մշակութային հարցերի շուրջ:

«ՉԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ, ԱՄԵՆ ՄԵԿԸ ՄԻ ՄԱՀԱՆԱ Է ԲԵՐՈՒՄ»

-Տիկին Բոստանջյան, այսօր, տեղյակ, թե անտեղյակ, բոլորը խոսում են Վրաստանում եղած հայապահպանության խնդրի մասին:

Լինելով հենց այս խնդրի զարկերակում` իրականում ինչպիսի՞ իրավիճակ է այսօր:
- Վրաստանում հայապահպանության համար միշտ էլ աշխատանքներ տարվել են, ուղղակի, քիչ է խոսվել այդ մասին, մինչդեռ այսօր խոսելու ժամանակաշրջանում ենք ապրում, բարձրախոսներ են, որ հիմա «վխտում են» ամենուրեք, ձայներ է, որ հնչում են, բլբուլ է, որ երգում է… Թբիլիսիում առաջ էլ մշտապես հայկական թատրոնը գործել է, ռադիոն գործել է, թերթը` «Վրաստանը», տպագրվել է, գրքեր են հրատարակվել,  ինստիտուտում հայկական ֆակուլտետ է եղել, դպրոցներ են եղել... Խնդրեմ` Ձեզ հայապահպանություն: Հո պետք չէ՞ անընդհատ տեսագրություններ լինեն, որ նայեն ու հավատան. կա պատմական ճշմարտություն: Անդրադառնամ նաեւ մեր օրերին: Լինելով մի հոգի` Վրաստանում արել եմ (ու անում եմ) մի ամբողջ կազմակերպության գործ, որը ինքներդ կարող եք եզրակացնել` հայապահպան գործունեություն է, թե` ոչ: Այսօր հսկայական գործ է անում «Հայարտունը»: Ես որակից չեմ խոսում, թեպետ որակն էլ լավն է, բայց կարեւրում եմ, շեշտադրում եմ արված բազմաբեւեռ, բազմապլան աշխատանքը: Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եռանդը, ինձ թվում է, ոչ մի հոգեւորական չունի: Այսօր գործող «Վրաստան» հայալեզու թերթն էլ, փաստորեն, համարվում է հայապահպանության մի տարր, «Վերնատուն» հայ գրողների միությունն էլ, «Կամուրջն» էլ, hայկական թիվ 104 դպրոցն էլ: Հեռուստահաղորդումներ էլ կան, թեեւ ոչ երկարատեւ, բայց կան: Միայն թատրոնը չի կարողանում հայթայթել գումար, որ ավելի ակտիվ գործի, բայց կանգ չի առել, էլի աշխատում է, քաղաքի այլ բեմերից ներկայանում հանդիսատեսին, հյուրախաղերի մեկնում: Ավելին` հրավիրում այլ թատրոնների, վերջերս, օրինակ, սեպտեմբերի 7-ին Սամվել Խալաթյանի պիեսներից մեկը` «Ճիչը» բեմադրվեց Թբիլիսիի  Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնում:
- Փաստորեն, որեւէ խնդիր չկա՞:
- Մի տագնապալի հարց կա, որի մասին խոսում են մարդիկ, բայց շատ զգույշ, մի տեսակ վախենալով, անհարմար զգալով, որ դիմացինին չվիրավորեն, թթու խոսք չասեն: Իսկ ես գտնում եմ, որ թթու խոսքը պետք է, ու նրա պտուղը կարող է եւ քաղցր լինել: Խոսքը հայերի` իրենց երեխաներին ռուսական դպրոց տանելու ապազգային «գործընթացի» մասին է: Վրաստանում հայկական դպրոցների հարցը շարունակում է գերխնդիր մնալ: Մինչեւ Վրաստանում մենք չունենանք հայկական շատ դպրոցներ, բոլորիս ծավալած հայապահպան գործունեությունը զուր կլինի, իմն էլ, «Հայարտնինն» էլ, մյուսներինն էլ, ավելին` մի քանի տարում կարող է եւ հասնի իր վերջին: Մենք կենդանի ենք դպրոցով, իսկ ի՞նչ ենք անում դպրոցի համար: «Հայարտունը» հայկական նախակրթարան է  հիմնել Թբիլիսիում… Որ գաք, փոքրիկների ելույթները տեսնեք, լաց կլինեք հուզմունքից: Անգամ եկեղեցական շարականները անգիր գիտեն, այսինքն` ուսուցիչները շատ լավ աշխատում են: Մինչդեռ այս տարի 25 երեխա ավարտեց նախակրթարանն, ու նրանցից միայն 7-ը եկավ հայկական դպրոց: 18-ը ո՞ւր գնաց: Ասում են` չեն գալիս հայկական դպրոց, ամեն մեկը մի մահանա է բերում:
- Ըստ էության, ստացվում է, որ խնդիրը մե՞ր մեջ է, ոչ թե վրաց պետությա՞ն:
- Այստեղ քարոզչական մեքենայի կերպը փոխել է պետք, ուրիշ բան պիտի անենք, տները պիտի գնանք: Այսօր Վրաստանում, Թբիլիսիում  ունենք մեկ-երկու ճանաչված հայ գործիչներ, որոնց ես անընդհատ ասում եմ` ինչո՞ւ եք ձեր երեխաներին տվել ռուսական դպրոց, գոնե հիմա փոխեք, երրորդից բերեք, իններորդից բերեք, չէ՛, էլի գնում են  ռուսական: Ժամանակին էլ վրացահայ բոլոր անվանի գրողների երեխաները ռուսական դպրոց են գնացել երեւի, բացի իմ երեխաներից, Զոհրաբյանների, Բայանդուրյանի… Շատ քչերի... Հիմա էլ մի աղջիկս է երկու երեխաների հետ ամեն օր ժամուկես ճանապարհ կտրում, որ երեխաներին բերի հայկական դպրոց (մեկն էլ արդեն ավարտեց եւ ուսանողուհի է), ե՛ւ մյուս աղջիկս է իր երկու երեխաներին՝ մեկին հայկական դպրոց, մյուսին էլ հայկական նախակրթարան տանում... Կա եւ մի ուրիշ, ավելի տհաճ, երեւի ավելի վտանգավոր բան` հայկական միջավայրում  խրախուսել ռուսական կրթությամբ երեխաներին: Այսինքն` եթե մենք հայկական միջավայրում անընդհատ խրախուսում ենք ռուսական կրթություն ունեցողներին, որքան ուզում է դասընթացներ լինեն մայրենի լեզվով, կարծում եմ` զուր է: Ախր, ինչո՞ւ պիտի վրացական պետության  կողմից հովանավորվող հայկական դպրոցներ ունեցող քաղաքում 7 տարեկան հայ երեխան հաճախի կիրակնօրյա դպրոց... Ինչպե՞ս հասկանանք սա, ինչո՞վ բացատրենք... Իմ պատասխանը մեկն է` կեղծ հայրենասիրությամբ: Հայրենասիրությունը նախեւառաջ լեզվի հանդեպ սերն է…Եթե լեզուդ չես սիրում, հայրենիքդ էլ չես սիրի: Հայրենիքը հավերժանամ է լեզվով: Լեզուն պիտի պահպանել, փայփայել, գուրգուրել: Իսկ դա սկսվում է հենց միջնակարգ հայկական կրթությամբ: Տարիներ առաջ, Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին ես  ամբիոնից բարձրաձայն կարծիք էլ հայտնեցի, որ հենց կոնկրետ կիրակնօրյա դպրոցները մի կողմից օգնում են, մյուս կողմից` վնասում:
- Ինչո՞ւ:
- Օգնում է, որ 50 տարեկան մարդը, ով հանգամանքների բերումով ժամանակին ստացել է օտարալեզու կրթություն, այսօր գոնե հայերեն տառերն իմանա, լսի, ծանոթանա հայոց պատմության կարեւոր դրվագների հետ: Բայց եթե այս նույն մարդը էլի իր երեխային տալիս է ռուսական դպրոց, ո՞ւմ է պետք իր արմատներին վերադառնալը: Եթե դու արդեն դարձ ի շրջանս յուր ես առել հայոց, ինչի՞ ես նորից քո երեխային տալիս ռուսական դպրոց, մինչդեռ Թիֆլիս պատվական քաղաքում կա հայկական միջնակարգ դպրոց: Սա նշանակում է, որ դու չես վերադարձել քո արմատներին, ուրեմն` այդտեղ խաղ է, ես էլ այդ խաղին եմ դեմ ու դրա համար էլ պայքարում եմ: Հիմա եթե 10 հոգուց ինն այդպես անի, էլ ի՞նչ հայապահպանության մասին է խոսքը: Սա մոդային տուրք տալ է, սա նշանակում է փառամոլություն: Գոնե նրանք, ովքեր հայկական միջավայրում են դաստիարակվել ժամանակին, հայկական կրթություն են ստացել, իրենք իրենց երեխաներին չտան ռուսական դպրոց: Այս հարցը, իսկապես, ինձ հուզում ու վախեցնում է: Այդքան որ ասում են, թե Ախալքալաքում վատ է, վատ է… Իրենց ռուսական դպրոցում ժամանակին ավելի շատ հայ երեխա կար, քան` ռուս, ու հիմա էլ: Ես Ջավախքը շատ եմ սիրում, ինձ նույնիսկ մեկ-մեկ թվում է` Ջավախքից եմ, բայց այդ մի բանը թող արդար դատեն: Ասում են` «մենակ հայերենով ի՞նչ տի էնինք, էրթանք Մոսկվա»:
- Հավանաբար, կամաց-կամաց ռուսական դպրոցները կփոխարինվեն   անգլիական դպրոցներով, չէ՞ որ Վրաստանը գնաց Եվրամիության հետքերով:
- Սահակաշվիլին ասում էր, թե մենք եվրոպացի ենք: Իհարկե, դժվար է բոլորի մոտ ձեւավորել, որ ինքն այժմ «եվրոպացի» է: Երբեք քաղաքական կանխագուշակումներ չեմ արել, պարզապես, ինձ թվում է` Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները կհարթվեն: Միեւնույնն է, հակված չեմ դեպի քաղաքականությունը, դեպի դիվանագիտությունը, իմը մշակույթն է, չեմ ուզում կեղծիք, խաղ տեսնել, այլ մաքրություն եմ ուզում:

«ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ՓՉՈՒՄ ԱՅԴ ԱՄԵՆԻՑ...»


-Վերջերս Թիֆլիսում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը մեծ արձագանք գտավ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Իրականում ո՞ւմ էր ձեռնտու սեպ խրել հայ-վրացական բարեկամության մեջ:
- Հիմա այդ դեպքերին լրիվ այլ հայացքով եմ նայում: Այս հարձակումը եկեղեցու վրա, կենցաղային հողի վրա տեղի ունեցած դեպք էր, որը չէր կարելի քաղաքականացնել: Լավ հոտ չի փչում այդ ամենից: Այդ շրջանում գրեցին ինչ ասես: Էլի եմ ասում` հաճելի դեպք չէր, նույնիսկ շատ տհաճ էր, բայց, ի վերջո, դեպքը պատահել էր կենցաղային հողի վրա: Եթե խորը դատենք, նման կռիվ կարող էր լինել երկու հայի միջեւ կամ` երկու վրացու:
- Ավելին` ասում էին անգամ այդ հարձակվողների մեջ էլ են հայեր եղել:
- Այո՛, բայց շարունակել հրահրել, այսպես ասած, «քսի տալ», «շիրա տալ», սխալ է: Կրկնում եմ` նույնիսկ այդ շրջանում կարդացել եմ, որ գրում էին, թե վրացին նույն թուրքն է: Սա մեղք է, բառիս բուն իմաստով: Մենք միշտ Թումանյանի աչքերով պիտի նայենք նման երեւույթներին: Այլ բան է, եթե արդեն գան, դանակը բկիդ տան, սրի մատնեն, ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն արեցին, մինչդեռ վրացիներն այդպիսին չեն: Իհարկե, նրանց մեջ էլ կան որոշ տարրեր, որոնք կարող են նույնիսկ ազգ հայհոյել: Մեր մեջ չկա՞ն... Բայց ի՞նչ կլինի, երբ մենք այդ հայհոյանքին նույն կերպ արձագանքենք: Հետո՞, բա դրա վերջը, ինչքան արյուն ենք թափել… Էս ջահել տղերքը մեղք չե՞ն: Եթե ինձ հարցնեն, ես կհիշեմ, որ 1915 թվականին հայ ժողովուրդը մազապուծ թուրքական յաթաղանից փախել է, ու Վրաստանն ընդունել է իրենց: Եթե «Մշակի» այդ տարիների պատմությունը կարդաս, թե ինչեր են արել, ինչպես են աջակցել մերոնց, ինչքան են օգնել այդ գաղթական ժողովրդին, երեւի կուզենաս վրաց ժողովրդի արձանը կանգնեցնել: Այնպես որ, միշտ պետք է մնալ չափի սահմաններում, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ հրահրում չլինի: Բացի դրանից, ինչ-որ առումով պետք է հիշենք նաեւ մեր աշխարհագրական դիրքը: Թեկուզ այդպես թող լինի, բայց մենք երեւի այլ ճանապարհ էլ չունենք` պիտի լավ լինենք վրաց ժողովրդի հետ, որովհետեւ այլընտրանք չկա: Թող սա թեկուզ, այսպես ասած, «դատապարտվածություն» համարվի: Դրա համար ավելի կոպիտ խոսք պիտի ասեմ, տատս-պապս ասում էին` կեղտն ինչքան փորում ես, հոտն այնքան գալիս է: Վե՛րջ, համապատասխան մարմինները կզբաղվեն այդ գործով, մեր պարտքն է չբարդացնել ոչինչ, որպեսզի սեպ չխրվի մեր դարավոր բարեկամության վրա, քանի որ հակառակ դեպքում այն հղի կլինի ահավոր հետեւանքներով:


«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԹՇՆԱՄՈՒ ԲԵՐԱՆԸ ԼԵԶՈՒ ՉԴՆԵՆՔ, ՄԻՆՉԴԵՌ ԴՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՇԱՏ ԵՆՔ ԴՆՈՒՄ»


- Անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` ըստ Ձեզ, մենք պատրա՞ստ ենք 2015-ին:

- Հարցեր կան, որ պիտի մեր մեջ ուղղենք: Ես գտնում եմ, որ 2015-ին նախ նվվոց չպետք է լինի: Էս նվվոցը սարսափելի է, ուզում եմ, որ մենք խնդրողի դերում հանդես չգանք: Ուզում եմ` պահանջողի դերում լինենք ու դրա համար մեր միջից պիտի հանենք շատ բաներ, որոնք մեզ խանգարում են լինել պահանջատեր: Մենք երբեմն այնքան սխալ ձեւով ենք տանում գործն առաջ, որ մեզ թույլ չի տալիս պահանջել մեկ ուրիշից: Մեր մեջ կա իրար «գցել», եթե հայը հային «գցում է», թուրքից ես ինչո՞ւ պետք է ինչ-որ բան պահանջեմ: Եթե հայը փողի համար կարող է հոգի ծախել , ես ի՞նչ պահանջեմ թշնամուց: Ուզում եմ, որ թշնամու բերանը լեզու չդնենք, մինչդեռ դնում ենք ու շատ ենք դնում:

Մեծ աշխատանք է այսօր տարվում ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար: Այո՛ , պետք է նշենք, պետք է աշխարհն իմանա, բայց աշխարհը այս մասին արդեն շատ լավ գիտի: Ու այսօր ոչ բոլորը, բայց կան մարդիկ, որոնք արդեն այս տարելիցը վերածում են ինչ-որ ինքնացուցադրման բեռի: Ավելին` ոչ միայն մարդիկ, այլեւ կազմակերպություններ էլ կան, որոնք արդեն չեն էլ խորանում, թե ինչ, ինչպես ու որտեղ, որովհետեւ իրենց միայն ձեւն է հետաքրքիր:

-Դուք նշեցիք, որ «սարսափելի է նվվոցը, բայց, այնուամենայնիվ, մենք 100 տարի ողբացել ենք ու չենք պահանջել

- Չեմ ընդունում, որ ամեն ապրիլի 24-ին ներկայացնում են սարսռալի, ամենաողբերգական, ամենադաժան տեսաարանները: Թող լինի, բայց դա չպետք է մասսայական բնույթ ստանա: Օրինակ, մենք հիմա տպագրել ենք Վալերի Հունանյանցի գիրքը, որը հիշողության ձեւով Կոմիտաս է ներկայացնում: Ի դեպ, ես եմ թարգմանել ու հրատարակել ամերիկահայ  Ավիկ Դերենցի հովանավորությամբ  Թբիլիսիում տպագրվող իմ հիմնադրած (թարգմանական գրականության գրադար» մատենաշարով: Սա ամբողջ ժողովրդի պատմությունն է տվել, բայց չկան այդտեղ ցնցող տեսարանները: Ի վերջո, ինչո՞ւ ենք այդ ցնցող տեսարանները ներկայացնում, այդ խեղճերի դաժան կադրերը ի ցույց դնում, որ մարդիկ մեզ խղճա՞ն: Ես գտնում եմ, որ հայը հպարտ ազգ է եւ պետք չէ, որ ինձ խղճան: Ես հայուհի եմ եւ ուզում եմ, որ ինձ հասկանան, գնահատեն եւ գնահատելով ընդունեն ու վերադարձնեն այն, ինչ մեզ է պատկանում: Կարեւորն այն է, որ ցեղասպանությունը աշխարհը ճա-նա-չի, մինչդեռ չգիտեմ այս միջոցառումներով մենք կկարողանա՞նք ստիպել ճանաչել: Ուղղակի, չեմ ուզում, որ լալկան երանգներ հաղորդվեն այս ամենին, չեմ ուզում խղճալի վիճակում հանդես գանք: Ցեղասպանությունը մեր ցավն է, բոլորի հետ է, բոլորիս մեջ է նստած, սա մինչեւ գերեզման ամեն մի սերնդի պիտի ուղեկցի ու դրա համար ենք արդար դատ ուզում: Այնպես որ, եթե այս երբեմն ամպագոռգոռ կոչերը կօգնեն գործին, ապա դեմ չեմ դրան, իսկ եթե չեն օգնի` դեմ եմ:

- Իսկ ի՞նչն է Վրաստանին խանգարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

-  Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ իսկ ինչո՞ւ Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, երբ ինքը հոլոքոստ է տեսել: Ուրեմն` պատասխանս սոսկ ենթադրելի  կարող է լինել: Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է,  այդքան հե՞շտ է այս դեպքում հարաբերություն փչացնելը ...Վերջ, արդեն գնաց շահի, խաղի հարց… Ժամանակի «բնավորություն»…Ժամանակի  համապատկերում…Սա է  նաեւ երկրներին կապում այսօր…Ես չգիտեմ՝ աշխարհն  այս ձեւով ո՞ւր է գնալու, երբ պատերազմի ուրվականը շրջում է ամենուր:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում