ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ
Ընդամենը հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենին փոխարինած Ենս Ստոլտենբերգն իր առաջին իսկ պաշտոնական այցի ժամանակ հասցրեց աչքի ընկնել մի այնպիսի սկանդալային հայտարարությամբ, որը կյանքի կոչվելու դեպքում կարող է գլխիվայր շուռ տալ աշխարհում խաղաղության պահպանման առանց այն էլ գերփխրուն դարձած ողջ համակարգը: ՙՆԱՏՕ-ն կարող է իր զորքերը տեղակայել` որտեղ ցանկանա՚: Ահա այս կարծիքին է դաշինքի նոր գլխավոր քարտուղարը, բնականաբարª ակնարկելով Ռուսաստանի մասին:ՌՈՒՍԱԿԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՙՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ՚
Ստոլտենբերգը չի էլ թաքցնում, որ այդ հայտարարությունն ուղղված է հենց ռուսների դեմ: Համենայնդեպսª նա խոսում էր ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստեղծվելիք ուժերից, որոնք, ինչպես հայտնի է, դաշինքը պլանավորում է տեղակայել Ռուսաստանի գրեթե ողջ արեւմտյան սահմաններին զուգահեռª սկսած Մերձբալթյան հանրապետություններից, վերջացրածª Ռումինիայով, այսինքնª գործնականում Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Արդյունքումª ՆԱՏՕ-ն այդ բավականին խոշոր եւ հագեցված ռազմական ստորաբաժանումները կուտակելով բառացիորեն ՌԴ-ի քթի տակ, դրանք տեղակայելով կառուցվելիք ռազմաբազաներում, այսինքնª զորքերի այդ տեղակայմանը տալով մշտական բնույթ, ըստ էության հրաժարվում են անվտանգության այն բոլոր խոստումներից, որոնք տրվել էին ռուսներինª դեռ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանում: Իհարկեª այս կերպ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ական հոծ գծով փորձում է նվազագույնի հասցնել ռուս-եվրոպական տնտեսական հարաբերությունները: Բայց նաեւ հասկանալի է, որ սա ուղղակի եւ բացահայտ ռազմական սպառնալիք է Ռուսաստանի նկատմամբ: Չնայածª ռազմական պատասխանը Մոսկվան արդեն իսկ տվել է: Օրինակª անցած ամսվա վերջերին Նովոռոսիյսկ այցելած ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին սեւծովյան նավատորմի հրամանատարությունը զեկուցեց, որ իր հրամանատարության տակ գտնվող մի շարք սուզանավերում տեղակայված են ավելի քան 1500 կմ հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Չընկնելով մասնագիտական տերմինաբանության ետեւից` նշենք միայն, որ խոսքը նավերի տորպեդային համակարգերի միջոցով հորիզոնական արձակման հնարավորություն ունեցող հրթիռների մասին է: Իսկ այս զեկույցի առանձնահատկությունն այն է, որ նախկինում այս միջոցով արձակվող թեւավոր հրթիռների գործողության առավելագույն շառավիղը 300-400 կմ-ից չէր անցնում, եւ այն 1500 կմ-ի հասցնելը ռազմական աշխարհում համարվում է տեխնոլոգիական մեծ թռիչք: Այն առումով, որ այս կերպ հնարավոր է հրթիռները միջուկային մարտագլխիկներով զինել: Երկրորդը. խոսքը, փաստորեն, միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին է, որը ժամանակին համարվում էր խորհրդային բանակի գլխավոր ուժերից մեկը, սակայն դեռ 1987թ. Մոսկվան Վաշինգտոնի հետ կնքված պայմանագրովª փաստորեն ինքնակամ հրաժարվեց այդ ուժից, ինչը, ի դեպ, շատ լուրջ մասնագետներ դնում են ԽՍՀՄ-ի փլուզման հիմքում: Այդ պայմանագիրը, որը ՌԴ-ին թույլ է տալիս ունենալ միայն 500 կմ-ից ոչ ավելի հեռահարության, այսինքնª ռազմավարական առումով բավականին քիչ հարցեր լուծելու ունակ հրթիռներ, դեռ գործում է:
Բայց փոխարենը ՌԴ-ն այսօր, փաստացի այդ երբեմնի խորհրդային զորությունը գործնականում արդեն տեղափոխել է արգելքի տակ չընկնող ծովային գոտի: Ավելին. քանի որ դրանք արձակվում են նավային տորպեդային համակարգերի միջոցով, ապա արդյունքում ռուսական գործնականում ողջ ռազմածովային նավատորմը դառնում է հրթիռակիր: Արդյունքում, առանց չափազանցության ասած, տորպեդային համապատասխան համակարգ ունեցող ցանկացած ՙկատեր՚ հնարավորություն է ստանում մինչեւ իսկ ավիակիրներ ոչնչացնելª դրա կրակային գոտուց հարյուրավոր կիլոմետրեր այն կողմից: Ավելին. միջուկային մարտագլխիկներով զինվելու դեպքում այդ ՙկատերը՚ Միջերկրական, Սեւ եւ Բալթիկ ծովերից կարող է նշանառության տակ առնել գրեթե բոլոր եվրոպական կենտրոններն ու Հին աշխարհամասում տեղակայված ՆԱՏՕ-ական ռազմաբազաները: Գումարած դրանª օրերս մերձկասպյան երկրները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին Կասպից ծովի կարգավիճակի շուրջ, համաձայն որի մերձափյան 15 մղոնանոց հատվածը մնում է տվյալ պետության տիրապետության տակ, իսկ մնացած մասըª ընդհանուր օգտագործման, որտեղ սակայն արգելված է այլ պետությունների մուտքը: Դրա հետ մեկտեղ ռուսական աղբյուրներն արդեն հաստատել են, որ Կասպից ծովում եւս ռուսական նավատորմի կազմ են մտնում նման համակարգերով զինված նավեր, ինչը նման հրթիռների թիրախ են դարձնում գործնականում ողջ Մերձավոր արեւելքը, Պարսից ծոցն իր նավթային ուղիներով եւ այլն: Ու հաշվի առնելով, որ Ռուսաստանը հազիվ թե ցանկանա ավելի քան 1500 կմ հեռահարությամբ թեւավոր հրթիռներ կիրառել մերձկասպյան պետությունների դեմ, հասկանալի է, թե որն է լինելու դրանց իրական թիրախը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՍԻՐԻԱ ԿԴԱՌՆԱ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՄԵԿՆԱՐԿ
Թե այս եւ դեռ սպասվող նման ռազմական ՙսյուրպրիզների՚ ֆոնին մինչեւ ուր կհասնի ռուս-ամերիկյան հակամարտությունը, իհարկեª բազում ենթադրություններ են հնչում, եւ ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ առաջիկայում այդ հակամարտությունը միայն սրվելու միտումներ է ցուցաբերելու, թերեւս արդեն իսկ ակնհայտ է: Ընդ որումª այն, որ նաեւ ներկայացված տարբերակով Ռուսաստանը փորձում է մեծացնել Մերձավոր Արեւելքի ուղղությամբ իր ռազմական հնարավորությունները, խոսում է այն մասին, որ աշխարհի այդ հատվածը, այսինքնª մեր անմիջական հարեւանությամբ գտնվող տարածաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, դառնալու է ռուս-ամերիկյան հակամարտության հիմնական կիզակետերից մեկը:
Չնայած առանց այդ էլ, ինչպես վերջերս առիթ ունեցել էինք ենթադրելու, Թուրքիան կարող է հենց այս պահին էականորեն շիկացնել տարածաշրջանային առանց այդ էլ գերշիկացած իրավիճակը: Եվ ահա նման կոնկրետ քայլեր այս օրերին նկատվում են: Մասնավորապեսª Էրդողանը ՙԻսլամական պետություն՚ խմբավորման դեմ պայքարելու պատրվակով ստանալով Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվություն, արդեն իսկ հասցրել է հրետակոծության ենթարկել ԻՊ-ի դիրքերը, իսկ ավելի կոնկրետª Սիրիայի տարածքըª դրա համար սիրիական իշխանություններից որեւէ թույլտվություն չհարցնելով: Իհարկեª Դամասկոսը չհապաղեց արձագանքել, թե նման գործողությունները կգնահատի իր ինքնիշխանության դեմ ուղղված քայլեր. ՙԵթե Թուրքիան մտնի Սիրիա, մենք դա կհամարենք հարձակում մեր հողերի վրա՚: Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ իր հերթին է այս պաշտոնական կարծիքին. ՙԻրանը մտահոգված է Թուրքիայիª Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու մտադրության առնչությամբ՚: Մտահոգություններ հնչել են նաեւ Ռուսաստանից եւ Չինաստանից: Փոխարենը այս օրերին Անկարայի հետ սերտագույն կապերի բազմաթիվ փաստերով հայտնի ԻՊ-ն սկսեց հաճախակի արկեր ուղարկել Թուրքիայի տարածք: Վնասներ գրեթե չկան, սակայն դա էլ չի խանգարում Անկարայինª համաշխարհային աղմուկ բարձրացնել, թե տեսեք` իսլամիստներն ինչ են անում մեր սահմաններին: Ավելին. ցուցադրաբար նույնիսկ մի քանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին են տարհանելª ԻՊ-ից եկող ՙվտանգն՚ ավելի աղմկոտ ներկայացնելու համար: Եվ արդյունքում, թերեւս ամենամոտ ապագայում Անկարային այլ ելք ՙչի մնա՚, քան սեփական տարածքները պաշտպանելու անվան տակ Սիրիա զորքեր մտցնելը: Դա ինչ նոր իրավիճակ կառաջացնի Թուրքիա-Իրան-Սիրիա եռանկյան ներսում, ինչ նախնական ռեակցիա կցուցաբերի Ռուսաստանը, Չինաստանը, թերեւս ավելի շատ կախված է այն բանից, թե սիրիական սահմանները հատելու դեպքում թուրքական զորքերը ինչքան կփորձեն խորանալ այդ երկրի տարածքում:
Մյուս կողմից էլª հարց է նաեւ, թե ԱՄՆ-ն ինչպես կվերաբերվի այդ օգնությանը: Այս բոլոր հնարավոր զարգացումները, ճիշտ է, խոստանում են ամերիկյան ռազմարդյունաբերական համակարգում պետական ներդրումների աճ եւ տնտեսության աշխուժացում: Բայց նաեւ հայտնի փաստ է, որ թեեւ նախորդ իրաքյան պատերազմը մի որոշ ժամանակ այդ նույն ֆունկցիան կատարեց, սակայն դրա արդյունքում ամերիկյան պետական պարտքն ավելացավ մոտ 2 տրիլիոն դոլարով: Իսկ ներկայումս այդ պարտքի ծավալները մոտենում են 18 տրիլիոնի ¥տե°ս նաեւ նկարը¤, ցուցանիշ, որն ինչքան էլ փորձես ուժային մեթոդներով կամ ռուսների նկատմամբ պատժամիջոցներով պահպանել, միեւնույն է, ամերիկյան պարտատերերին, ասենքª նաեւ ողջ աշխարհին ստիպում են ամեն օր ավելի մեծ վերապահումներով վերաբերվել Նահանգների վճարունակության հարցին: Իսկ ավելի մեծ պատերազմը, հասկանալի է, խոստանում է պետական պարտքի եւս մեկ ցնցումային աճ, որին դոլարը կարող է եւ չդիմանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

