ՙՙՙՀԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՆ ՍՊԱՌՎԵՑ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՆ ՍՊԱՌՎԵՑ
Ընդդիմաայլընտրանքություն կամ այլընտրանքաընդդիմություն բուռն սիրո վկայություններն առ իշխանություններ գնալով ավելի են շատանում, եւ եթե այս տեմպերով շարունակվի` չի բացառվում, որ ապագայում դա հանգեցնի լուրջ հարաբերությունների` ամուսնության նպատակով:
Այս համոզմունքն ամրապնդողներից հաջորդը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Հայհոյիչ Մանուկյանն էր, ով հավանաբար առաջնորդվելով ՙԱրամ` ամեն ինչ կարամ՚ սկզբունքով` իր վրա է վերցրել մի քանի պարտականություններ` հայհոյելուց սկսած` մինչեւ հստակ մեսիջներ ուղարկելը:
Նա նշել է, որ ընդդիմության 12 կետերի վերաբերյալ Կառավարության պատասխանին չի ծանոթացել, բայց ավելացրել է, որ իրենք ունեն իրենց վերլուծությունը, ըստ որի` Կառավարությունն իրենց առաջ քաշած պահանջները չի կատարել: ՙՄենք վերլուծել ենք եւ ունենք փաստաթուղթ` կատարողականի վերաբերյալ. նշված կետերը չեն լուծվել՚,- ասել է նա` մասնավորապես նկատի ունենալով Կառավարության պնդումները, թե կոնկրետ ՙկուտակայինի՚ եւ ՙկարմիր գծերի՚ խնդրին Կառավարությունը լուծում է տվել:
Հիրավի, մտքի նման թռիչք ունենալուն կնախանձեին նույնիսկ հայ քաղաքական մտքի ամենաաբսուրդային դեմքերը:
Եթե իրենց գաղափարական ընդդիմություն համարող ուժի ներկայացուցիչները նույնիսկ ալարում են կարդալ իրենց իսկ համար իբրեւ թե օրակարգային համարվող խնդրի` 12 կետերի պատասխանը, ապա տրամաբանական հարց է առաջանում` ինչո±ւ էին մինչեւ վերջին իրադարձությունները անընդհատ թմբկահարում իրենց 12 կետերի մասին, եթե, միեւնույն է, դրանց պատասխանն իրենց չէր էլ հետաքրքրելու:
Միթե ակնհայտ չէ, որ ինչպես եւ ընդդիմության շատ ու շատ քայլեր եւ իբրեւ թե օրակարգային հարցեր, այս հարցը նույնպես զուտ ձեւական բնույթ է կրել, կատարել է ժամանակ ձգելու ֆունկցիա, եւ ասեմ, որ բավականին հաջողությամբ է կատարել:
Երկկողմանի համաձայնության արդյունքում հարցը փաստորեն փակվեց, ու երկու կողմն էլ կարող են ցույց տալ, որ գործ արեցին. մի կողմը ներկայացրեց պահանջները, մյուս կողմը` դրանց պատասխան տվեց: Ու կարեւոր չէ, որ պատասխանը փաստացի մերժումն էր բոլոր պահանջների, այլ կարեւորն այն է, որ այն եղավ եւ մյուսի կողմից ընդունվեց` թեկուզեւ չկարդացվելով:
Այստեղ մի բան էլ արժե նշել, որ եթե նույնիսկ պատասխանը մերժողական էր, այնուամենայնիվ այն պատասխան է եւ լուրջ քաղաքական գործիչը գոնե մեկ անգամ այն կկարդար: Բայց մենք լուրջ քաղաքական գործիչների մասին ենք խոսում, այլ ոչ թե հայհոյիչների: Ու զարմանալի է, որ ամենակարող մարդիկ, օրինակ, կարդալ, մտածել ու տրամաբանել չեն կարողանում:
ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

