ՙՙՄԵՐ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՈՐՈՇԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԵՋ՚
Արխիվ 12-16ՙՄԵՐ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՈՐՈՇԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԵՋ՚
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` պետական մակարդակով մեծ աշխատանք է տարվում, ինչ խոսք, քարոզչական առումով փայլում ենք: Իսկ թե բացի դրանից, իրավական ոլորտում ինչ կարող ենք այսօր պահանջել միջազգային բարձրագույն կառույցներից` խոսելով պահանջատիրական տեսանկյունից, ՙԻրավունքը՚ պարզեց Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ.
-Կարծում եմ` պետք է ձեւավորենք մեր հստակ պահանջագիրը, որը մինչ այդ կանցնի համապատասխան, մանրամասն ու նեղ մասնագիական փորձաքննություն` իրավաբանների, պատմաբանների, հուշարձանագետների, միջազգայնագետների կողմից, որպեսզի մեր հայցը` ուղղված թե° Եվրոպական դատարանին, թե° Թուրքիային այդ առումով լինի անթերի: Եվ ուզում եմ, որ մեր պահանջատիրությունը լինի փաստարկված ու իրավական, ոչ թե` քարոզչական: Իսկ այդ առումով, մենք անելիքներ ունենք: Թուրքիայի տարածքում մենք մի քանի հազարի հասնող եկեղեցիներ, եկեղեցապատկան գույք ունենք, որոնց մի մասը պատկանել է Էջմիածնին, մի մասը` Կիլիկիո կաթողիկոսությանը, մի մասը` Պոլսահայոց պատրիարքությանը: Պետք է հստակ հասկանանք ու, ի վերջո, գույքագրենք մեր կորած ժառանգությունը, մշակենք դրա վերադարձի կամ գոնե դրա շուրջ դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ մեր քաղաքականությունը: Բայց դրանք պետք է լինեն համակարգված, համախմբված եւ չկրեն հատվածային, անհատական եւ քարոզչական բնույթ:
- Իսկ արդյոք դատական գործընթաց սկսելու համար չենք ուշացել:
- Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Իրոք, ինչու հիմա, ինչո±ւ ոչ հինգ տարի առաջ կամ 20 տարի առաջ: Անկեղծ ասած, կարծում եմ` այդ խնդիրները, որքան էլ ցավալի հնչի, անտեսվել են մեր կառույցների, մեր համապատասխան մասնագետների` իրավաբանների, պատմաբանների կողմից: Թուրքիայի տարածքում մնացած հայկական ժառանգության վերադարձի հարցը կարելի էր բարձրացնել արդեն 1920-ականներին, երբ դրանք խլվեցին, եւ Թուրքիայում սկսեցին ընդունվել տարատեսակ օրենքներ, որոնցով հայկական գույքը, եկեղեցիները, եկեղեցապատկան գույքը, դպրոցները սկսեցին օտարվել, պետականացվել եւ այլն: Եթե Խորհրդային Միության պայմաններում Հայաստանը չէր կարող որեւէ բան անել, ապա սփյուռքահայությունը եւ Սփյուռքում գործող տարբեր եկեղեցական կառույցները կարող էին, բայց, ինչքան ինձ հայտնի է, մինչ օրս ոչինչ չի արվել: Բայց մեր պահանաջատիրությունը չպետք է սահմանափակվի որոշակի խորհրդանշական ժամկետների մեջ: Այդ հարցը պետք է բարձրացվի ե°ւ 2015-ին, ե°ւ 2020-ին եւ դրանից հետո, մինչեւ կհասնենք մեր իրավունքների վերատիրմանը: Էլի եմ կրկնում` մենք պետք է դրան մոտենանք բավական լուրջ, եւ այստեղ ձեզ հետ համաձայն եմ, որ այս առումով ուշացած ենք, քանի որ ինձ գոնե հայտնի չէ, որ ինչ-որ շրջանակ սկսի մանրամասն մշակել այդ պահանջագիրը` ուղղված Թուրքիային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

