Ինչպես արդեն հաղորդել էինք, կրոնական էքստրեմիստ, ՙԵրկնքի քաղաքացիներ՚ աղանդավորական շարժման անդամ, ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից Գառնիի տաճարը պղծելու կապակցությամբ ոստիկանությունը քննություն է իրականացնում: Եվ ահա որոշակի հետաքրքիր տեղեկատվություն հայտնաբերվեց նրա աղանդակից ոմն Գեորգի Սոլդատովի համացանցային էջում:
Ինչպես տեղեկանում ենք այդ էջից, սրբապիղծի դեմ քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով (պատմության եւ մշակույթի հուշարձանների ոչնչացում կամ վնասում), որով նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում: Նույն էջից տեղեկացանք, որ որպես վնասի փոխհատուցում` ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է շուրջ 2100 դոլար: Բայց ամենակարեւորը, պարզվում է, որ Հայաստանում Մաքսիմ Նիկիտենկոն ունի տեղացի հանցակից, նույն աղանդավորական շարժման անդամ ԱՐԾՐՈՒՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՅՎԱԶՅԱՆ, ում հետ եւ ապրում է այդ կրոնական էքստրեմիստը: Ավելին, Ռուսաստանում գտնվող աղանդակիցները հանցագործ Նիկիտենկոյին օգնելու նպատակով սկսել են դրամահավաք, եւ դրամական փոխանցման նպատակով` կապի համար հրապարակել են նաեւ Արծրուն Այվազյանի բջջային հեռախոսահամարը: Բնականաբար, եթե իրավապահները զբաղվեն հանցակից Արծրուն Այվազյանով, ապա պատրաստակամ ենք նրանց տրամադրել այդ հեռախոսահամարը: