ԵՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԴՐԸ ՉԵՄ. ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ
Արխիվ 12-16ԵՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԴՐԸ ՉԵՄ. ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ
Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունի նոր ղեկավար, ով Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանն է: Վերջինս, լրատվամիջոցներից մեկի տեղեկությունների համաձայն, «ՍԱՄՍՈՒՆԳ» խանութների ցանցի սեփականատերն է: ՍԱՊԾ-ի նախկին ղեկավարն Աբրամ Բախչագուլյանն էր, ով ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն: Սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ Բախչագուլյանի աշխատանքից ազատման դիմում գրելը սպասելի էր, քանի որ նա երկու անգամ նկատողություն էր ստացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՍԱՊԾ նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանի հետ:
-Պրն Բախչագուլյան, ինչո՞ւ աշխատանքից ազատման դիմում գրեցիք:
-Էդպես որոշեցի:
-Իսկ եթե ավելի անկեղծ:
-Ես անկեղծ եմ:
- Միգուցե պատճառն այն էր, որ երկու անգամ վարչապետի կողմից նկատողությո՞ւն եք ստացել:
- Ես վարչապետի կողմից նկատողություն չեմ ստացել:
- Այսինքն ՝մամուլի հրապարակումները ճիշտ չե՞ն:
- Ես վարչապետի կողմից նկատողություն չեմ ստացել եւ մամուլի հրապարակումներին գնահատական չեմ տալիս: Ես գնահատական եմ տալիս իմ գործողություններին, որոնք լինում են, այլ ոչ թե գրում են:
-Պրն Բախչագուլյան, տեսակետ կա, որ աշխատանքից ազատման դիմում գրելը ձեր կողմից սպասելի էր, քանի որ դժգոհություն կար ձեր ղեկավարումից:
-Ես կարծիքներ չեմ մեկնաբանում, փաստերն են մեկնաբանում: Ինչ վերաբերում է փաստերին, ապա ՍԱՊԾ-ը Հայաստանում կայացած է:
-Փաստորեն գոհ եք ձեր պաշտոնավարումից:
-Ես էսպես ասեմ: Կարծում եմ՝ հասել ենք որոշակի նպատակների եւ իրականացրել մեր առջեւ դրված խնդիրները:
-Դե շարունակեիք լուծել խնդիրները եւ կյանքի կոչել այլ նպատակներ, ինչո՞ւ ազատման դիմում գրեցիք:
-Ցանկացած գործողություն ունի սկիզբ եւ վերջ: ՍԱՊԾ-ի կայացումն ավարտվել է: Հիմա ոլորտի զարգացման հերթն է, որն ուրիշ մարդիկ պետք է անեն:
-Իսկ միգուցե Հովիկ Աբրահամյանն ազատվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերի՞ց, որոնցից մեկն էլ Դուք եք:
-Ես Տիգրան Սարգսյանի կադրը չեմ, ես ՀՀԿ-ի կադրն եմ:
-Այլ աշխատանքի անցնելու առաջարկ ստացե՞լ եք: Եթե այո, ապա ո՞ր ոլորտում ենք Ձեզ տեսնելու առաջիկայում:
-Թույլ տվեք էդ հարցին չպատասխանեմ:
- Իսկ Ձեզ ո՞ր ոլորտում եք տեսնում:
- Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ: ՀՀԿ ղեկավարն ինչպես որոշի, այնպես էլ կլինի:
-Ձեզ փոխարինում է Սփյուռքի նախկին փոխնախարարը, ով, ըստ էության, ոլորտի հետ ոչ մի առնչություն չունի: Կկարողանա՞ լուծել իր առջեւ դրված խնդիրները:
-Կարծիքներ ու կանխատեսումներ անելն առանց հիմքի անշնորհակալ գործ է: Ես Արմեն Հայրապետյանին հաջողություն եմ մաղթում:
Սոնա Դավթյան

