ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
Արխիվ 12-16ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
1994 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5- ը հռչակվեց ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն: Տոնը նշվում է 100-ից ավելի պետություններում։
Մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի արձանի շուրջ հավաքվել էին ուսուցչի օրվա կապակցությամբ պետական պարգևների արժանացած մանկավարժներ, հանրապետության մարզերի, մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ:
Մատենադարանի բակում տեղի ունեցած միջոցառումով նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրերով պարգևատրված ուսուցիչները ստացան իրենց հուշամեդալներն ու շնորհակալագրերը: Հանդիպմանը ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվեցին ավտոմեքենաներով, իսկ լավագույնը ճանաչված տնօրենը՝ համակարգչով:
Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հանձնեց նշված պարգևները և իր ուղերձում նշեց.«Սիրելի ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այն շատ սիրված տոն է յուրաքանչյուրիս համար. հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի նվիրյալ գործունեությունն ու հավատարմությունը իր վեհ կոչմանը: Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ Դուք մշտապես, նույնիսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին, հուսալի թիկունք եք եղել՝ յուրովի ամրացնելով հայոց պետականության հիմքերը: Դրա մասին է վկայում մեր ժողովրդի բազմադարյա պատմությունը, երբ նույնիսկ պետականության կորստիպայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդ կրթել՝ մտապատկերում ունենալով վերականգնված պետականության տեսլականը:
Գիտակցելով այդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցում և շարունակելու է ամեն կերպ աջակցել համակարգին՝ կարևորելով գիտելիքահեն և մրցունակ տնտեսության նշանակությունը ժամանակակից աշխարհում: Դա բխում է մեր ազգային շահերից: Վստահեցնում եմ Ձեզ, որ կառավարության դերակատարությունը և աջակցությունն այդ գործընթացին աստիճանաբար դառնալու է ավելի շոշափելի և տեսանելի:Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ երջանկություն ու անսպառ եռանդ Ձեր ազգանվեր առաքելության մեջ»:
Ներկաների համար երաժշտական կատարումներով հանդես եկան Գագիկ Գինոսյանի պարային համույթը, Թովմաս Պողոսյանը, Անուշ և Ինգա Արշակյանները… Ապա իր շնորհավորական խոսքով ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՊՐՈՖԵՍՈՐ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց. «Ես չգիտեմ ավելի շատ մանկավարժ եմ, թե արվեստագետ. ավելի քան 27 տարի դասավանդում եմ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում, Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրենն եմ: Ուսուցչի գործը պատվելի է և պատասխանատու, աշխարհի գերհզորները խոնարհվել են միայն ուսուցչի առաջ: Աստված թող հարատև խաղաղության ու ապահովության մեջ պահի մեր հայրենիքը, և մեր նվիրյալ ուսուցիչները կարողանան լավ պայմաններում առավելագույն անել իրենց ազգանվեր գործի մեջ»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

