«ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ»
Արխիվ 12-16«ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ»
Հայաստանը 14 տարի է` ԵԽԽՎ-ի անդամ է: Վաղուց մենք պետք է դաշնակիցներ ունենայինք այդ կառույցում՝ այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝խոսելով ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին նախօրեին ընդունված որոշման մասին:
Տիկին Ալավերդյանի խոսքով՝ մեր դիվանագիտական եւ պառլամենտական ուժերը հատվածային են աշխատում եւ արձագանքում են այն ժամանակ, երբ Հայաստանին վերաբերող հարց է քննարկվում ԵԽԽՎ-ում: Սակայն այդ կառույցում գնահատվում է այն պատվիրակությունը, որը բավական ակտիվ է:
Ինչպես նախկինում, այսօր էլ Լարիսա Ալավերդյանը բարձրաձայնեց Հայաստանի նախաձեռնողականության պակասի մասին: «Ցավալի է ինձ համար, որ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն» հասկացություններն ԵԽԽՎ-ում օգտագործվում են որպես շղարշ, քանի որ այդ կառույցը ղեկավարվում է տնտեսական աշխարհաքաղաքական շահերով»,-հիշեցնում է բանախոսը:
«Իրավունքի» հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ինչ էլ աներ, միեւնույն է՝ այդ նման զեկույց պատրաստելու որոշումն ընդունվելու էր, քանի որ ինչպես բանախոսն է փաստում կան աշխարհաքաղաքական շահեր, պատասխանը բացասական էր. «Ոչ, Հայաստանը պետք է իր շահերը համաձայնեցնի աշխարհաքաղաքական շահերի հետ: Դա անելու համար պետք է լինել ճկուն, գտնել այնպիսի դաշնակիցներին, որոնք մեզ կարող են աջակցել: Հայաստանն չպետք է լինի անճար վիճակում, պետք է իր հստակ դեմքն ու դիմագիծն ունենա, ոչ թե ամեն անգամ տարբեր դիմակով հանդես գա ԵԽԽՎ-ում»:
Սոնա Դավթյան

