Միջազգային տարբեր մրցաշարերում հայ մարմնամարզիկներին զգալի նվաճումների հասնել դեռ չի հաջողվել: Մինչդեռ միջազգային հարթակում արդեն իսկ հայտնի է ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆԻ անունը, ով չնայած մեծ սպորտում քայլեր դեռ նոր է անում, բայց արդեն իսկ հասցրել է մեծ նվաճումներ ունենալ:
Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում, երբ մարմնամարզության մրցաշարում 18 երկրի ուժեղագույն մարզուհիներ վիճարկում էին օլիմպիական պարգեւները, համառ ու անզիջում պայքարից հետո 54,9 միավորով օլիմպիական չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց հենց 15-ամյա հայ մարմնամարզուհի, ծագումով գյումրեցի, մոսկվաբնակ Սեդա Թութխալյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Որակավորման փուլում Սեդան դարձյալ իրեն գերազանց էր դրսեւորել եւ 40 երկրի պատվիրակների մրցապայքարում 53,65 միավոր ցուցանիշով նույնպես 1-ին տեղն էր գրավել ու վստահորեն եզրափակչի ուղեգիր նվաճել: Սեդա Թութխալյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 7 տարեկանից: Ի դեպ, Սեդայի հաջողությունները սպորտում պատահական չեն, վերջինս իր տաղանդը ժառանգել է հորիցª հայազգի հայտնի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանից: Սեդա Թութխալյանը 2013 թվականին Ռուսաստանի առաջնությունում մի շարք վարժություններում դառնալով առաջատար` նվաճել է 4 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Ռուսաստանի 2014 թվականի առաջնությունը եւս շատ հաջող էր Սեդայի համար, ինչից հետո Եվրոպայի առաջնությանը Սեդան թիմային ոսկի նվաճեց, սակայն անհատական բոլոր վարժությունները տապալեց, բայց կարողացավ ձեռք բերել հնարավորություն` մասնակցելու Նանկինի օլիմպիական խաղերին, որտեղ էլ փաստորեն հայ մարզուհին իրեն արդարացրեց: Սեդա Թութխալյանը խոշոր մրցաշարերում իր մեկնարկը համարում է հենց այս տարվա Եվրոպայի առաջնությունը: Նանկինի խաղերից հետո հայ մարզուհին նշել է. ՙՍա իմ երկրորդ խոշոր մրցաշարն էր, այնքան շատ են ինձ հետ նկարվում, ստորագրություն խնդրում, դեռ անսովոր է: Խոշոր մրցաշարերում իմ գլխավոր մեկնարկը եղել է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ես այնքան էլ լավ հանդես չեկա, բայց դրա փոխարեն` մեր հավաքականը չեմպիոն դարձավ: Նանկինից առաջ ես ինձ փորձում էի չկենտրոնացնել արդյունքների վրա, պարզապես անել այնպես, ինչպես ես կարող եմ, գրեթե ստացվեց՚: Ի դեպ, նշենք, որ Թութխալյանների ընտանիքում Սեդան միակը չէ, որ սպորտում հաջողությունների է հասել, նրա եղբայրը` Վահե Թութխալյանը, ընտրել է հոր ուղին, եւ արդեն վերջինս հանդես է գալիս Ռուսաստանի սամբոյի հավաքականում: