Երեկ Ազգային ժողովում ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով քաղաքական մեծամասնությանը` հիշեցրեց, թե ինչ-ինչ ժամանակներում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ինչ-որ նախարար քվեարկել է պատգամավորի փոխարեն` այդպես էլ չտալով այդ նախարարի անունը:
Պատասխանը, իհարկե, չուշացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից, եւ նա հիշեցրեց, որ այս դահլիճում, բացառությամբ երկու քաղաքական ուժերի, բոլորը ժամանակին եղել են կոալիցիայի անդամ: Ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել ՙԺառանգությանը՚ եւ ՀԱԿ-ին, իսկ մնացած չորս խմբակցությունները միմյանց հետ տարբեր ժամանակներում կազմել են կոալիցիաներ: Ինչեւէ, դրանից հետո, հավանաբար, կոալիցիայի մասին լավ հիշողությունները Արծվիկ Մինասյանին տարան դեպի ԱԺ նախագահը ու առիթից օգտվելով, որ Էդ. Շարմազանովը դուրս էր եկել դահլիճից, պարոն Մինասյանը տեղավորվեց նրա աթոռին: Սակայն պետք էր նկատել, որ ինչքան էլ իշխանական աթոռը հարմարավետ էր, բայց Ա. Մինասյանը մի քանի րոպե անց վեր կացավ, կողքերը նայեց եւ այնքան շտապեց հետ գնալ իր տեղը, որ ստիպված եղավ նորից վերադառնալ եւ ուղղել ԱԺ փոխնախագահի աթոռը: