ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՍՈՒՄ է.«ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է, ԽՄԵ′Ք ԼԱՎ ԳԻՆԻ»
Արխիվ 12-16ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՍՈՒՄ է.«ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է, ԽՄԵ′Ք ԼԱՎ ԳԻՆԻ»
Վայոց Ձորի Արենի համայնքում արդեն 6-րդ տարին է ինչ անցկացվում է Արենի գինու փառատոնը, որը լայն հնարավորություն է ընձեռնում գինի արտադրողներին, որպեսզի նրանք իրենց արտադրանքը ներկայացնեն հանրությանը: Յուրաքանչյուր տարի փառատոնի բացումը կատարում է հայ պատմական հերոսներից մեկը եւ այս բարի ավանդույթը շարունակվում է մինչ այսօր: Տարեցտարի փառատոնին մասնակցող գինի արտադրողները եւ մասնակիցները ավելանում են, ինչը վկայում է այն մասին, որ այն կայացած է: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ փառատոնի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ավելանում են այն անձինք, ովքեր ուզում են աջակցել փառատոնին.«Փառատոնի ձեւաչափը միշտ նույնն է մնում , պարզապես փոխվում են որոշ էլեմենտներ: Այս տարի փառատոնին ներկայացված են 15 տաղավարներ , իսկ մասնակիցների թիվը 5 հազարից ավելին է»,-նշեց ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
ՀՀ Վայց Ձորի մարզպետ Էդգար Ղազայանը ողջունելով փառատոնի մասնակիցներին ընդգծեց.«Արդեն 4 օր է մեր մարզում տոն է՝ գինու տոն: Մենք գովերգում ու փառաբանում ենք մեր ժողովրդին, ովքեր իրենց ստեղծագործ աշխատանքով բերք ու բարիք են ստեղծում, երգ են երգում, տրամադրություն ստեղծում: Նայեք շուրջբոլորը, նայեք այս սարերին և կտեսնեք՝ ինչ քարերից են մարդիկ բերք ու բարիք, խաղող ստեղծում, գինի ստանում: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրերին, որ ժամանակ են գտել մասնակցելու մեր տոնախմբությանը, սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին, հատկապես բոլոր գինեգործներին՝ թե´տնայնագործ, թե´ արդյունաբերող»,-նշեց ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւ ավելացրեց.«Մենք այսօր գտնվում ենք աշխարհի գինու բնօրրրանում. այստեղից մի քանի մետր հեռավորության վրա՝ Արենի քարանձավում, հայտանբերվել է աշխարհի ամենահին գինեգործական մառանը, այստեղ է, որ զարգանում է գինեգործությունն իր լուսավոր ապագայով»:
Փառատոնի անբաժան մասն են կազմում ազգային երգն ու երաժշտությունը, որի ուղեկցությամբ փառատոնի մասնակիցները տաղավարից տաղավար անցնելով փորձում էին տարբեր գինիներ: Փառատոնը լավ հնարավորություն է համայնքի բնակիչների համար, ովքեր գինու հետ միասին այցելուներին են ներկայացնում իրենց համայնքի բերքն ու բարիքը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

