ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՆՈՒՅՆ ՖՈՏՈՇԱՐՔՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՆՈՒՅՆ ՖՈՏՈՇԱՐՔՈՒՄ
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, որը ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա: Նշել այս օրը որոշված էր Ֆլորենցիայում 1931 թվականին` այնտեղ անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական ընտրված չէր: Հոկտեմբերի 4-ը Ասսիզյան
Ֆրանցիսկի հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)՝ կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի: Ասսիզյան Ֆրանցիսկը կաթոլիկների մոտ համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները կանգ առան հենց այս օրվա վրա: Այս օրը նշելու գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ եւ այժմ արդեն այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվում են աշխարհի 120
երկրում: Իհարկե, Հայաստանն էլ անմասն չի մնում ու այս կամ այն կերպ նույնպես նշում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Հենց այս առթիվ լուսանկարիչ ԳՈՌ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ, խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ եւ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական հ/կ-ի ղեկավար ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ կազմակերպել ու իրականացրել են «Հայտնիները հանուն Հայաստանի կարմիր գրքում հայտնված կենդանիների» ֆոտոնախագիծը: Ինչպես նշեց Մ. Խուրշուդյանը. «Շատ կենդանիների ենք հայտնաբերել տարատեսակ ժամանցային վայրերում
վանդակների մեջ: Սակայն եթե որոշ դեպքերում նպաստավոր պայմաններ են ստեղծված նրանց բազմացման ու որոշակի ազատության համար, ապա շատ հաճախ այն պայմանները, որոնցում այդ կենդանիները բնակվում են, պարզապես անընդունելի են»: Ն. Արամյանն էլ հավելեց. «Մենք միակ երկիրն ենք, որը չունի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող որեւէ նորմ: Բնականաբար, տարիներ շարունակ օրենքի վերաբերյալ առաջարկները
ներկայացրել ենք կառավարությանն ու ԱԺ-ին, սակայն՝ ապարդյուն: Միայն այս տարի է, որ Երեւանի քաղաքապետը մեզ աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հուսանք՝ ամեն բան կկարգավորվի»: Իսկ Գ. Իսկանդարյանը եւս մեկ անգամ հիշեցրեց. «Պետք է պահպանել կենդանիներին, որպեսզի հետո ուշ չլինի»։
Նշենք, որ վերոնշյալ ֆոտոնախագծին մասնակցել են հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Մանուչարյանը, դերասան, ռեժիսոր Նարբե Պողոսյանը, հաղորդավար Արմեն Սարգսյանը, երգչուհի Դալիթան, Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, Բալետի պարողներ Արթուրո Գրիգորյանը եւ Սևակ Ավետիսյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, դերասան Ալեքսանդր Գրիգորյանը, Հայաստանի «Պարկուր» ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ավոյանը, դերասան Հայկո Հովհաննիսյանը, հաղորդավար Արման Մարգարյանը, մոդել Մարինե Ավետյանը, Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, դերասան Պապ Պողոսյանը և այլք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

