«ԽՈՒԼ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԽՈՒԼ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սուրբ երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի մտերմությունը խուլերի համայնքի հետ տարիների պատմություն ունի: Խուլերի համայնքը Արարատյան հայրապետական թեմին դիմել էին՝խնդրելով հեռու պահել իրենց աղանդավորական կառույցներից: Իսկ դա հնարավոր էր, եթե քահանաներից մեկը ժեստերի լեզվով իրենց մեկներ աստվածաշունչը: Ու այդ մեկը Տեր Եսայի քահանան էր: «Աղանդավորական կառույցները ժեստերի լեզվով են թարգմանել իրենց քարոզները: Խուլ շատ երիտասարդներ ընդգրկված են քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կազմակերպություններում»,- «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնում է քահանան: Տեր Եսայի երբեք չէր մտածի, որ կարող էր սովորել խուլերի լեզուն, քարոզել նրանց աստվածաշունչն ու աստծու խոսքը, այնպես անել, որ խուլերն ավելի մոտ լինեն հայ առաքելական եկեղեցուն:
Հոգեւորականից հինգ տարի պահանջվեց սովորել ժեստերի լեզուն, որի շնորհիվ խուլերը մտերմացան Տեր Եսայիի հետ: «Իրենք ինձ սիրեցին, ես՝ իրենց: Խուլերը շատ ոգեւորված էին, որ քահանաներից մեկը որոշել է սովորել իրենց լեզուն»,- պատմում է մեր զրուցակիցը:
Ժեստերի լեզվով խուլերի հետ շփվելը, աստծու խոսքը նրանց քարոզելը ոգեւորեց քահանային նրանց հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար. «Հոգեւոր եզրույթների ժեստերի բառարան հրատարակեցինք 2007թ-ին: Ինձ այդ հարցում շատ օգնեց տիկին Զուբեյդան՝ ժեստերի լեզվի մասնագետը, ով ինձ սովորեցրեց ժեստերի լեզուն: Հիմա պատրաստում ենք դիվիդիներ, որոնց միջոցով պետք է ավետարանը քարոզենք խուլերին: Առակների ու աստվածաշնչի՝ժեստերի լեզվով թարգմանությունը եւս ընթացքի մեջ է»:
Տեղեկացնենք, որ խուլերի համայնքը համագործակցում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, իսկ առաջիկայում համագործակցություն կլինի նաեւ ստվերների թատրոնի հետ:
Ի դեպ, նշենք, որ Սուրբ երրորդություն եկեղեցու խաչի քավորն արդեն երկու տարի Երեւանի կայազորի զինվորական դատախազ, իսկ 2013-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանն է:
Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող աղանդավորական կառույցերին, դրանցից ամենաակտիվը «Կյանքի խոսք» ու «Եհովայի վկաներ» կրոնական կառույցներն են, որոնք, ինչպես հավաստեց քահանան, գնալով թուլանում են: Իսկ պատճառը մեկն է`դրանք վարկաբեկված են, հասարակությունը բավականաչափ իրազեկված է դրանց քայքայիչ գործունեությունից:

Մանրամասները՝ տեսանյութերում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

