Ամերիկահայ պատանի շախմատիստ Սամուել Սեւյանն իր շախմատային արտասովոր ունակություններով հասցրել է հայտնվել շախմատային հասարակության ուշադրության կենտրոնում: 13 տարեկանում Սամուել Սեւյանին հաջողվել է երրորդ անգամ լրացնել գրոսմայստերի նորմա:
Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամուելը երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման` դարձավ ԱՄՆ-ի պատմության առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է 14 տարին չլրացած: Իր վարկանիշը 2500-ի հասցնելու դեպքում ՖԻԴԵ-ն կհաստատի հայ շախմատիստի կոչումը: Սեւյանը երկրորդ անգամ գրոսմայստերի նորման լրացրել էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքումª շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակելով 6.5 միավորª ճանաչվեց հաղթող, թեեւ մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից: Իսկ առաջին անգամ այդ հաջողությանը Սեւյանը հասել էր 2014թ. հունվարինª ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում կայացած խոշոր մրցաշարումª 41 մասնակիցների մեջ միանձնյա զբաղեցնելով երկրորդ տեղը: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Սամուելը միջազգային վարպետի կոչման արժանացել էր ընդամենը անցյալ նոյեմբերինª իր 13-րդ ծննդյան տարեդարձից մեկ ամիս առաջ: Դրանով իսկ Սամուելը դարձավ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատիստը, որը նվաճել է այս բարձր տիտղոսը` հաղթահարելով 2008 թ.-ին Ռեյ Ռոբսոնի կողմից սահմանած ռեկորդը ¥ով այդ ժամանակ 13 տարեկանն անց էր¤: Հարկ է նշել, որ անգամ Բոբի Ֆիշերին չի հաջողվել հասնել միջազգային վարպետի մակարդակին` մինչեւ 15 տարեկանը: Սամուել Սեւյանի ցուցադրած տպավորիչ խաղը եւ վարպետությունը չէր վրիպել նաեւ ՙԲոսթոն Գլոբ՚ օրաթերթի խմբագիրների աչքից. թերթը տպագրել է մի ընդարձակ հոդված` մանրամասներով ներկայացնելով հայ շախմատիստի շախմատային տաղանդը: Այս ամենով հանդերձª Սամուել Սեւյանը 2012թ. նոյեմբերին Սլովենիայում կայացած աշխարհի մինչեւ 12 տարեկան պատանիների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալª հռչակվելով աշխարհի չեմպիոն: 13 տարեկանում Սամուելը ընդգրկվել է աշխարհի լավագույն պատանի շախմատիստների ցուցակում: Մինչեւ 14 տարեկանների խմբում նա եւս աշխարհում լավագույնն է: Ավելացնենք, որ Սամուելի մարզիչներից է նաեւ Լոս Անջելեսում բնակվող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: