ՙԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ՚
Այս օրերին Մերձավոր Արեւելքում թեժացող պատերազմը տեղի հայության համար միայն նոր մարտահրավերներ է առաջ բերում: Դրա վառ ապացույցը, անշուշտ, Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումն էր: Այդ, ինչպես նաեւ այս օրերին Սիրիայում տիրող իրավիճակի մասին փորձեցինք զրուցել Հալեպի հայկական համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ, ով գրեթե համոզված է, որ եկեղեցու պայթեցումը թուրքական պատվեր է.
-Իսլամիստների կողմից պայթեցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին համեմատաբար նոր` 1989 թվականի կառույց էր: Այդ տարածքները, մասնավորապես` Դեր Զորը վերջին երկու տարիներին գտնվում են ահաբեկիչների ձեռքում: Արդեն մեկ ամիս է Դամասկոսում մարտերը թեժ են, եւ ՙԻսլամական պետությունը՚ պայթեցնելով հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցին` պարզապես գծում է իր ազդեցության սահմանները: Որովհետեւ այն բոլոր տարածքներում, որոնք նրանք վերահսկում են, վերացրել են այլ կրոնները, մինչեւ իսկ` իսլամի այլ ճյուղերին պատկանող սրբավայրերը, մզկիթները: Հայկական եկեղեցին պայթեցրած իսլամական ծայրահեղ խմբավորումները նպատակ ունենալով իսպառ վերացնել հայկական հետքը այդ վայրերից` նաեւ ձգտում են այդ կերպ բնաջնջել Հայոց ցեղասպանության մասին վկայող բոլոր հետքերը: Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա ցավով պետք է նշեմ, որ մասնավորապես Հալեպում եւ Դամասկոսում այն խիստ լարված է: Իսկ որ Սիրիայում գտնվող զինյալ խմբավորումներին` ահաբեկիչներին, ֆինանսավորում եւ զինում է ԱՄՆ-ն եւ հատկապես Թուրքիան, նորություն չէ աշխարհի համար: Թուրքիան` Էրդողանի գլխավորությամբ, արդեն հատուկ միջոցներ է ձեռնարկում Սիրիայի կործանման համար: Այս անգամ, կարծես թե, սոսկալի, խտացված ռմբակոծումների թիրախ են դարձել գլխավորաբար հայկական թաղամասերը: - Ինչու: - Ինձ` նման կարծիք արտահայտելու համար, հիմք է տալիս այն, որ այն խմբավորումները, որոնք այսօր ավելի մոտ են հայկական թաղամասերին, թուրքական ակունքների, կուսակցությունների հսկողության տակ են: Ուրեմն` ինչ-որ առումով արդեն մեր խնդիրը թուրքի հետ է: Բայց, բնականաբար, ոչ միայն հայերը, այլ ընդհանրապես հալեպաբնակ ժողովուրդն է հարվածի տակ: Սակայն թուրքերն իսլամիստների վայրագ, անմարդկային, բարբարոս, արյունարբու ձեւով հայերին են պատճառում այդ հարվածները: