ՄԵՂԱՎՈՐԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԴԱՆԱԿԱՀԱՐՎՈՂՆ ԷՐ
Արխիվ 12-16ՄԵՂԱՎՈՐԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԴԱՆԱԿԱՀԱՐՎՈՂՆ ԷՐ
Քրեական որոշ գործերի նյութերից ստեղծվում է հիմնավոր այն կարծիքը, որ գործը դատարան ուղարկելուց, դատական ակտը կայացնելուց հետո միայն դատախազական համակարգը որոշում է կայացնում վերջապես անցնել ակտիվ աշխատանքի: Դա մարմնավորվում է մեղադրողի կողմից վերաքննիչ բողոքում: Հավանաբար` դա հայրենական դատախազության ինքնահաստատման հիմնական միջոցներից մեկն է...ՏՈՒԺՈՂԸ ԹՔԵԼ ՈՒ ՓԱԽԵԼ ԷՐ
23-ամյա Գուրգեն Բաղդասարյանը կամ մի քանի ամիս ՙմուֆտա՚ նստել էր բանտում կամ դատական անօրինական դատավճռով ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից: Այս պահին նման կարծիք հայտնողը որեւէ պատասխանատվության ենթակա չէ, քանի որ դեռ չկա ուժի մեջ մտած դատական ակտը, որի առկայության դեպքում կարելի կլիներ անհարգալից վերաբերմունք արձանագրել դատարանի ու արդարադատության նկատմամբ: Փոխարենըª կա քրեական գործ, որում արձանագրված հանգամանքներից մեկը, ի տարբերություն բազմաթիվ այլ ՙփաստերի՚, հաստատման կարիք չունի: Դա այն իրողությունն է, որ 2013թ. մայիսի 17-ին տուժող ճանաչված անձը ՙհրաժարվել էր ցուցմունք տալ եւ 2013 թվականի հունիսի 8-ին մեկնել էր ՀՀ-ից՚: Իսկապես, դատավճռով ներկայացված քրեական գործում չկա տուժողի ցուցմունքը, փոխարենըª արտահայտվել էին նրա պապիկը, ընկերուհին, ընկերները, անգամª տաքսու վարորդը:
Ինչն էր պատճառը...
ՙՎԻՎԱՐՈՆ՚ ԷՐ ՙՄԵՂԱՎՈՐԸ՚
Ֆրանսահայ Արտաշես Գասպարյանը եւ հայաստանցի Գուրգեն Բաղդասարյանը ծանոթացել էին 2013-ի մայիսի սկզբներին, ինտերնետ ակումբում: Արտաշեսը Գուրգենին խնդրել էր թույլ տալ` նրա ինտերնետային անձնական էջից ՙՎիվարո՚ ինտերնետային կայքում խաղադրույքներ կատարել: Գուրգենը համաձայնել էր: Որոշ ժամանակ անց Գուրգենը որոշել էր կայքից միայնակ օգտվել եւ փոխել էր գաղտնաբառը: Խնդիրն այն էր, որ կայքում Արտաշեսի կողմից մուտքագրված որոշակի գումար էր մնացել: Այն վերադարձնելու համար էլ, ըստ Գուրգենի, տեղի էր ունեցել մայիսի 17-ի ՙպատահական՚ հանդիպումն այդ երիտասարդների միջեւ:
ՙՀԱՆԴԻՊՈՒՄԸ՚`
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ
2013 թվականի մայիսի 17-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան եւ Երզնկյան փողոցների հատման վայրում Գուրգեն Բաղդասարյանին պատահաբար հանդիպելով` Արտաշես Գասպարյանը պարզաբանումներ է պահանջել ինտերնետային կայքում իր մուտքագրած գումարը վերադարձնելու վերաբերյալ: Այդ հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջեւ, որը շարունակվել է Բաղրամյան պողոտայի 69 շենքի բակում: Վիճաբանության ընթացքում Գուրգեն Բաղդասարյանն իր մոտ եղած սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Արտաշես Գասպարյանի կրծքավանդակի ձախ հատվածին` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՚:
ԳՈՒՐԳԵՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Գուրգենն իր գործողությունները ներկայացրել էր որպես ինքնապաշտպանություն:
ՙԴեպքի օրը, երբ մորեղբորս որդու հետ գտնվել էի Բաղրամյան եւ Երզնկյան փողոցների խաչմերուկում, մեզ էր մոտեցել Արտաշես Գասպարյանը երկու տղաների հետ միասին, վերջինս վրդովված պարզաբանումներ էր պահանջել ինտերնետային կայքի իր անձնական էջի գաղտնաբառը փոխելու եւ մնացած գումարը վերադարձնելու վերաբերյալ: Մարդաշատ վայրում չաղմկելու համար գնացել էինք Բաղրամյան պողոտայի 69-րդ շենքի բակը, որտեղ Արտաշես Գասպարյանը ու նրա ընկերը սկսել էին ձեռքերով եւ ոտքերով հարվածել ինձ: Հագիս բաճկոնը գլխիս վրա էր շրջվել, հարվածների հետեւանքով վայր էի ընկել եւ գետնից երկաթյա առարկա վերցնելով` ընկած վիճակում, հարվածներից պաշտպանվելու համար, նշված առարկայով հարված էի հասցրել...՚:
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՙԱԼԱՐԵԼ ԷԻՆ՚
Գուրգենի ցուցմունքը հաստատել էին դեպքի ականատես-վկաները, անգամª Արտաշեսի ընկերները: Մարդկային տեսակետից դա հասկանալի է. տուժողը գրավոր դիմում էր ուղարկել դատարան, որով տեղեկացրել էր. ՙԳուրգենից որեւէ բողոք կամ պահանջ չունեմ, խնդրում եմ նրան պատասխանատվության չենթարկել՚:
Չխորանալով իրավաբանության մեջª նշենք սակայն, որ դատախազությունը հնարավորություն ունեցել է ստանալ ֆրանսահայ տուժողի ցուցմունքը, սակայն չի ցանկացել: Հավանաբար համարել էր, որ քրեական գործի նյութերը բավարար են իրենց կողմից ակնկալվող դատավճիռը կայացնելու համար: Դատարանն էլ կայացրել էր. 3 տարվա ազատազրկում եւ... Համաներման ակտի կիրառում: Այդպիսի որոշման համար վճռական ազդեցություն էր ունեցել նաեւ դատարանի հետեւյալ համոզմունքը. ՙ... հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով, գործի փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ նախահարձակը եղել է տուժող Ա. Գասպարյանը՚:
Համաձայնենք, որ նման պայմաններում անհասկանալի է դառնում մեղադրողի վերաքննիչ բողոքը, որով պահանջվում է Գուրգենի պատժաչափն ավելացնել 1 տարով եւ եւս երեքուկես տարով բանտախցում պահել ֆիզիկապես վատառողջ, կենսաթոշակառու մայր եւ հայր խնամող, ընտանիքի միակ կերակրող երիտասարդին...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

