ՙՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԻՄՔԸ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Արխիվ 12-16ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԻՄՔԸ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Այլեւս օրերի հարց է, որ Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ, իսկ թե այս փուլում նոր միության անդամակցումն ի±նչ խոչընդոտների առաջ կկանգնեցնի Հայաստանին կամ ինչպիսի օգուտներով դուրս կգա, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՑ:
Արդյոք Հայաստանը ԵՏՄ-ում կստանա լիարժեք արտոնություններ ու պարտավորություններ, ինչպես Միության հիմնադիր երկրներն ունեն:
- Լիարժեք անդամակցություն եւ դրանից բխող իրավունքներ ու պարտականություններ, իհարկե, կունենանք: Վերջիվերջո, դա իրավահավասարների միություն է, հետեւաբար անդամագրվելով` անպայմանորեն այդ պայմանը պետք է բավարարվի: ԵՏՄ-ի հիմքերի հիմքը իրավահավասարությունն է, այսինքն` այստեղ այլ խոսք, այլ մոտեցում չի կարող լինել:
- Իսկ այս փուլում ինչ խոչընդոտների կարող ենք հանդիպել ԵՏՄ-ի անդամակցման ճանապարհին:
- Սա բարդ գործընթաց է: Հիշեք եվրաասոցացման ճանապարհին ինչ դժվարություններ եղան, քանի տարի այդ գործընթացը քննարկում էին, մշակում, համապատասխանեցնում, օրենսդրական փոփոխություններ անում: Եվ պետք չէ այսօր ենթադրել, թե Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությունը շատ ավելի հեշտ ու պարզ կառույց է, որովհետեւ այստեղ յուրաքանչյուր երկիր անդամակցում է` իր երկրի տնտեսական եւ քաղաքական շահը ունենալով: Իհարկե, երեք պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, այսօր ունեն ընդհանուր տնտեսական, քաղաքական շահ, բայց, միեւնույնն է, յուրաքանչյուրն ունի իր առանձինը, այլապես չէին մտնի այդ միության մեջ: Եվ միության այս նոր համալրման ժամանակահատվածում, բնականաբար, շատ ավելի պետք է երեւային տարբեր երկրների դիրքորոշումները պետությունների ղեկավարների հայտարարությունների միջոցով: Եվ այս փուլում կարող են հայտարարություններ հնչել, որը թվում, թե չի բխում Եվրասիական միության զարգացման հեռանկարից եւ այլն, բայց դրան էլ պետք է շատ բնական մոտենալ: Սրանք գործընթացներ են, որոնց միջով ե°ւ այս միության հիմնադիրները պետք է անցնեն, ե°ւ նրանք, ովքեր նոր են պատրաստվում մտնել այդ միություն: Այնպես որ, որեւիցե մի տեղ որեւիցե մեկի համար հեշտ չէ: Ավելին` որեւիցե տեղ դռները բացած ու ցափահարություններով չեն սպասում, այլ դու պետք է գնաս, տեսնես, թե որտեղ կարող ես լավագույնս քո երկրի տնտեսական եւ քաղաքական, ինչու չէ, նաեւ անվտանգության շահերը գտնել: Սա բարդ ճանապարհ է, եւ երբ նշանակում են ինչ-որ օր, ամիս, ժամ, ինձ համար դրանք երկրորդական են: Կարեւորն այն է, որ մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք, եւ որեւէ բացասական վերաբերմունք չկա, իսկ թե որ ամսի ու որ օրը կլինի անդամակցումը, ինձ համար երկրորդական հարցեր են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

