ՙՙՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ՚ ՙՓԱՌԱՏՈՆԱՅՆԻՆ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ՚ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16ՙՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ՚ ՙՓԱՌԱՏՈՆԱՅՆԻՆ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ՚ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց ՙՀայ Ֆեստ 2014՚ միջազգային ամենամյա թատերական փառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 8-ը` ՙԹատերական իրարանցում՚ խորագրով: Փառատոնի բացումն ազդարարեց հունգարական աշխարհահռչակ ՙԼիվինգ փիքչրս՚ թատրոնը` ՙԿենդանի մակերես՚ ներկայացում-մուլտիմեդիայով եւ խորագրին համահունչ սկսվեց թատերական իրարանցումը:
Սակայն մինչ այդ տոնական տրամադրություն էր տիրում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` Մոսկվա կինոթատրոնի շենքի առջեւ, որտեղ Իրանից ժամանած Մինաբ Անամիս թատերախումբն էր իր ՙՊարսից ծոց. Ջրերի մայր՚ թմբուկներով ուրախ շքերթ-ներկայացումով: Իհարկե, խիստ տարօրինակ պարերով ու թմբկահարելով` ողջունում էին հավաքվածներին: Ապա տոնական տրամադրությունը շարունակվեց Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի ճեմասրահում` թատերասեր հանրությանը սպասում էին հայկական տարոսիկները` հայֆեստյան բարեմաղթանքներով:
Եվ վերջապես սկսվեց ներկայացումը. դերասանները պառկած էին լուսավոր գորգի տակ, իրենք շարժվում էին, ու ստացվում էր կենդանի շնչող մակերես` տիեզերական պատկերներ, հող, ջուր, ծով... Նախ տպավորություն էր, որ բեմն այրվում է դժոխքի կրակներում, ապա այն ձյունապատվում է, ժայթքում, կանաչում, ճահճանում… Այո°, սավանապատ բեմահարթակը շնչում էր: Իրականում այս ներկայացման մեջ հանդիսատեսը կարող էր ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից: Պրոյեկտորով լուսավորված մակերեսի վրա արեգակնային համակարգի երկնային մարմինները կյանք էին առնում: Մեկ տեսնում էինք` ինչպես են հոսուն, հեղուկ նյութերը կարծրանում` դառնալով քարեր, մեկ էլ` սառցեբեկորներ հայտնվում, լողում ու դանդաղ թաքնվում էին հաստ ամպերի քուլաների հետեւում:
Ի դեպ, ներկայացումից հետո շատերը չէին շտապում հունգարական բեմադրության մասին գնահատականներ հնչեցնել, որովհետեւ այն որքան խորթ էր հայ հանդիսատեսի համար, նույնքան էլ չսպասված ու հետաքրքիր, ինչպիսին հենց ՙՀայ Ֆեստն՚ է:
Ի դեպ այս տարի հայկական թատերախմբերն ավելի շատ են մասնակցում փառատոնին, այդ կապակցությամբ փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց. ՙԵթե միջազգային ծրագիրը կախում ունի տարբեր գործոններից, եւ մենք ասում ենք` ես գնացի, ընտրեցի, եթե լավը չի լինում, ասում են` ուրեմն ավելի լավն ընտրեիր, ապա հայկական ծրագիրը պիտի ընտրես եղածից՚,- ասում է Ա. Ղուկասյանն ու հավելում, որ այս տարի փառատոնի շրջանակներում ունեն ուսանողական ծրագիր, որտեղ էլ հենց հայկական ծրագիրն առատ է. ՙԵրիտասարդական այդ ներկայացումները եթե ուսանողական ներկայացումներ չլինեին, ես հանգիստ իրենց կընդգրկեի հիմնական ծրագրում: Իսկ հիմա նրանք ընդգրկված են ՙՀայ Ֆեստի՚ ՙԱրմս Ֆեստ՚ ծրագրում՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

