ՙՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՄ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ՚
Արխիվ 12-16ՙՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՄ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ՚
Տարիներ առաջ ռադիոհեռուստատեսության եթերից հաճախ էին հնչում նրա ստեղծագործությունները, հատկապես ՙՃկույթիկը՚` մանուկների ամենասիրելի երգերից մեկը: Հենց այս երգով էլ մինչ այսօր հիշում են երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ: Չնայած երգիչն այսօր բնակվում է Ֆրանսիայում, սակայն յուրաքանչյուր տարի այցելում է Հայաստան, ինչպես ինքն է ասում` հետաքրքիր բացահայտումներ անելու եւ հայ բեմից մեկ անգամ եւս հնչեցնելու ՙՃկույթիկը՚: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Յորգանցը ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, սակայն ամենաշատը` Հայաստանում` 139 համերգ: Երգիչը սա բացատրում է նրանով, որ հայ բեմում իրեն ավելի լավ է զգում: Վերջերս Յորգանցը կրկին Հայաստանում էր, ով ՙԻրավունքի՚ հետ զրույցում կիսվեց իր խոհերով` հայի, հայկական մշակույթի եւ Հայաստանի մասին:
ՙՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ Է՚
-Ամեն անգամ Հայաստան գալուց քիչ բաներ եմ այստեղ թողնում եւ ավելի շատ ինձ հետ տանում: Իմ անունը Հայաստանի մեջ Ճկույթիկ է եղել, եւ բոլոր փոքրիկները այդ երգը շատ են սիրել, ուստի մեծ ուշադրություն եմ դարձնում հենց փոքրիկներին: Նրանց հայացքներն ինձ շատ բաներ են սովորեցնում, իհարկե, նրանք չեն գիտակցում, թե ինձ ինչ են տալիս, բայց ես վերցնում եմ: Հասկացել եմ, որ հայ ժողովուրդը շատ ուշադիր ազգ է, ես այդ ամենն զգում եմ եւ գիտակցում, որ հայը զգայուն է: Զգայուն լինելը մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից` վատ, որովհետեւ զգայուն լինելով` չենք կարողանա մեր խնդիրները լուծել: Շատ եմ ցանկանում, որ հայ փոքրիկները մեծանան մանկական երգերի ներքո եւ ստանան լավ դաստիարակություն: Իսկ մեծերը, ավելի իրականը տեսնելով ու մտածելով, բոլոր խնդիրներին կարողանան լուծումներ փնտրել:
ՙՀԱՅԸ ՀԱՅԻՑ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԲԱԺԱՆՎԻ՚
-Ես օտարության մեջ կարողացել եմ պահպանել իմ հայ տեսակը եւ մոտ լինել հայ մշակույթին, քանի որ կարողացել եմ բոլորին ասել ճշմարտությունը` առանց վիրավորելու օտարին: Ես Պոլսում եմ ծնվել, այնտեղ եւ Հայաստան այցելելով տեսնում եմ, որ բոլոր հայերը միշտ նույն խնդիրների շուրջ են մտածում, կարեւոր չէ` հայերեն խոսել գիտե±ն, թե ոչ: Ամենակարեւորը, որ նա իրեն հայ զգա: Այսօր Թուրքիայում շատ հայեր կան, որ թաքցնում են իրենց իրական արմատները, շատ կցանկանայի, որ նրանք էլ միանային մնացած 10 մլն հայերին եւ մտածեին նույն խնդրի շուրջ: Հայը հայից երբեք չպետք է բաժանվի, ես սա ասում եմ բոլոր հայկական գաղթօջախների հայերի համար: Երկու կողմերի բաժանվելը երբեք լավ բաների չի բերում: Հայ մարդն իր ազգը սիրող մարդ է: Թե° կին, թե° տղամարդ իրենց մեջ շատ զորավոր բան ունեն, այդ պատճառով էլ միշտ պետք է միմյանց կողքին լինեն:
ՙՈՒՆԵՆՔ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ՚
-Այսօր Հայաստանը դարձել է զբոսաշրջության մեծ կենտրոն, աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Հայաստան աշխարհը տեսնելու: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանից վերադառնում է զարմացած եւ իր տեսած ամեն ինչի մասին պատմում իր շրջապատում: Այս ամենն օգնում է, որպեսզի Հայաստանը եւ հային օտար հողում ճանաչեն: Դրան նպաստում է նաեւ հայկական հին մշակույթը, որը միշտ զարմացրել է աշխարհին: Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ ունենք շատ ակտիվ երիտասարդություն, որոնք ամենուր եւ ամեն տեղ օգտակար են դառնում: Հայրենիքին օգտակար լինելը յուրաքանչյուր մարդու պարտքն է: Այս կյանքում իմ ամենամեծ առաքելությունը համարում եմ իմ ստեղծագործությունների տարածումը եւ փոխանցումը հաջորդ սերունդներին:
ՙՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԼՐԻՎ ՉԵՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ՚
-Հաջորդ տարի, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, ապրիլի 24-ին պետք է գամ Հայաստան եւ այցելեմ Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգ եմ պատրաստել, առայժմ չեմ ցանկանում ասել, թե այն ինչ խորագիր կունենա: Երգը կկատարեմ Հայաստանում` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ինձ համար Հայաստանը դեռեւս լրիվ չեմ բացահայտել, ամեն անգամ նոր բացահայտումներ եմ անում եւ դեռ շատ բաներ էլ կբացահայտեմ:
Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

